ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Այո՛﹐ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը անցավ﹐ մենք պատշաճ շուքով նշեցինք մեր միլիոնավոր անթաղ ու անմեղ զոհերի հիշատակը﹐ես﹐ ինչպես որ ուխտել էի﹐ ապրիլի 24-ին Ստամբուլ մեկնեցի﹐ անցա այն վերջին ուղին﹐ որով անցել էին Կոմիտասը﹐Վարուժանը﹐ Սիամանթոն﹐մեր ութ հարյուր մտավորականները﹐ ուշ երեկոյան Թաքսիմ հրապարակում մասնակցեցի «Նոր զարթոնք» երիտասարդական կազմակերպության սգերթին ու մոմավառությանը﹐ հաջորդ օրը﹐ սակայն﹐ երբ տուն՝ Երևան վերադարձա﹐ չզգացի﹐ որ շրջադարձ է տեղի ունեցել﹐ մենք անցած հարյուր տարիները հանրագումարի ենք բերել﹐ ընդհանրացրել ու համապատասխան հետևություններով﹐ տեսլականներով ենք 101-րդ տարելիցի շեմը մուտք գործել: Մեկ ու կես միլիոն թիվը՝ մեր ճակատի ու ճակատագրի այդ խարանը﹐ որ հարյուր տարի գրեթե հպարտությամբ էինք հնչեցնում ամենաներկայացուցչական հանդիսասրահներում﹐ այն աստիճանի էր արժանավորվել﹐ որ բարձրացել էր մայրուղիների լուսատուներին ու ամեն քայլափոխի հիշեցնում էր իրեն: Մինչդեռ﹐ մի՞թե դա է էականը: Էականն այն է﹐ որ անցյալ դարասկզբին տեղի է ունեցել մարդկային պատմության թերևս մեծագույն անարդարությունը՝ մի ամբողջ ժողովուրդ իր իսկ բնօրրանում խողխողվել է﹐ վերապրողներն առանց հետդարձի իրավունքի արտաքսվել են﹐մեր պատմական հայրենիքը﹐ ինչքը﹐ ունեցվածքը բռնազավթվել են: Ու բռնազավթված են մնում մինչև հիմա:
Փարիզյան իմ լրաուսման տարիներին Շան զ’Էլիզեյով ձգվող ապրիլքսանչորսյան քայլերթերին մասնակցում էին նաև սևամորթներ ու անգամ մահմեդականներ﹐ երբ ես հետաքրքրվում էի դրդապատճառներով﹐ բացատրում էին﹒
–Ազգությունը﹐ կրոնը ի՜նչ նշանակություն ունեն﹐ մենք պայքարում ենք հանուն արդարության:
Որպեսզի մեր արդարությունը հաղթի﹐ նախ մե՛նք պիտի հավատանք հաղթանակին: Գերսամ Ահարոնյանը հավատում էր﹐ քանի որ ամեն Ամանորի﹐ բաժակը բարձրացնում ու նույն կենացն էր խմում՝ «Գալ տարի Վանի մէջ»: Հայրենանվեր մտավորականը հավատը հայեցողական չէր﹐ երբ մենք մեկտեղեցինք մեր կամքը﹐ուժը﹐ ոգին﹐ իրոք﹐ պատմական տարածքներ ազատագրեցինք﹐ մինչև իսկ երկրորդ ազգային պետականությունը կերտեցինք: Արցախյան ազատամարտը﹐ սակայն﹐ որպես համաժողովրդական ընդվզում բռնկվեց﹐ մենք այժմ մեր զույգ պետականությունները՝ այսինքն անժամկետանց պահանջատիրությունը միջազգային գերատյաններում պետականորեն հնչեցնելու հնարավորությունն ունենք: Ցավոք﹐ նույն այդ այդ միջազգային փորձը վկայում է﹐ որ մեր օրերում քաղաքականությունն ու դիվանագիտությունը ազգերի ճակատագրերում ձևական գործոններ են﹐ քարե դարի տեգերից ու նետ աղեղից մինչև մեր հյուլեական ռումբերի դարը վճռորոշը զենքն է: Ուստի մենք մեր ազգային՝ «Միայն զենքով կա հայոց փրկություն» հավատամքին միշտ հավատարիմ պիտի մնանք﹐ հարկ եղած դեպքում ազգովի զինվոր դառնանք: Մեր անպարտ բանակի փորձով հավելենք նաև﹐ որ զինվոր չեն ծնվում﹐ դառնում են համառ տքնանքով﹐ անձնազոհ ու անմնացորդ հայրենասիրությամբ:
Պատահական չէ﹐ որ ես հաղթանակած Շուշիի բերդապարսպի բարձունքից եմ տեսնում Վանը﹐ Մուշը﹐ Սասունը:
Ազատագրված Արևմտահայաստանը: