ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Բառարանը իմ ամենասիրած գրքերից է: Այն ինձ համար միայն բառիմաստ գտնելու գիրք չէ, այլ՝ ընթերցանութեան հրաշալի ձեռնարկ: Իմ համեստ գրադարանում բացատրական բառարաններից բացի ունեմ նաեւ զանազան մասնագիտութիւնների բացատրական բառարաններ, որոնք գրաւում են գրադարակներիս մեծ մասը: Ըստ իս, գիտելիքներով բեղմնաւորուած բառերի աշխարհը մշտապէս նոր հորիզոններ ու ստեղծագործական մարտահրաւէրներ է ներկայացնում իր ընթերցողների համար:
Բառարանների այդ շարքին աւելացաւ իմ հին ընկերներից՝ Տիգրան Դաւթեանի «Հայերէն-Պարսկերէն Բառարան» 452 էջից բաղկացած աշխատութիւնը, որը լոյս է տեսել հայ տպագրութեան 500ամեակի առիթով, 2011 թուականին, Երեւանում, «Անկիւնաքար» հրատարակչութեան կողմից: Թեւէ ծրագրել էի ժամանակին անդրադառնալ սոյն աշխատութեանը, սակայն միշտ չէ, որ հնարաւոր է լինում իրագործել մտադրուած բոլոր ծրագրերը: Այդպէս էլ վիճակուեց այս գրութեան: Այնումենայնիւ, ինչպէս ժողովուրդն է ասում, աւելի լաւ է ուշ, քան՝ երբեք:
Բառարանային սոյն ձեռնարկը ընդգրկում է շուրջ 20,000 բառ ու արտայայտութիւն, եւ ինչպէս հեղինակն է նշում, թէեւ խորհրդային ժամանակաշրջանում մեծ զարգացում է ապրել իրանագիտութիւնը Հայաստանում, եւ այդ իմաստով հրատարակուել են բազմաթիւ ուսումնասիրութիւններ ու աշխատութիւններ, այնուամենայնիւ, ներկայացուող աշխատութիւնն իր տեսակի մէջ առաջինն է Հայաստանում: Հեղինակի խօսքերով, Հայաստանում հայերէն-պարսկերէն բառարանի պահանջարկը այս օրերին աւելի շատ է զգացւում, մասնաւորաբար իրանագիտական, ուսանողական, բանասիրական, թարգմանչական եւ գործարարական ոլորտներում, եւ ելնելով այդ պահանջարկից, հեղինակը ձեռնարկել է բառարանային սոյն աշխատութեանը:
Տիգրան Դաւթեանը լուրջ աշխատանք է տարել բառարանը կազմելիս, ուսումնասիրելով այլ հեղինակների կողմից մինչ այժմ հրատարակուած հայերէն-պարսկերէն եւ պարսկերէն-հայերէն բառարանները եւ հետեւելով՝ հայաստանեան այսօրուայ մամուլի, լրագրական նիւթերի, թարգմանական աշխատութիւնների եւ այլ հրատարակութիւնների բառամթերքին: Բաւականին խնամուած ու հոգատար աշխատանք է տարուել բառերի առջեւ պարսկերէն հոմանիշները կամ նոյնանիշները գտնելու ուղղութեամբ, ուր ակնյայտ է ժամանակակից պարսկերէնի բառամթերքին լաւատեղեակ լինելու հեղինակի իմացութիւնը:
Այնուամենայնիւ, անձնապէս, իմ ուշադրութիւնը սեւեռուեց բառարանում լայն տեղ գտած օտարամուտ, աւելի ճիշդ օտարաբանութիւն ընկալուող բառերի վրայ, ինչը ցոյց է տալիս, որ հայերէն լեզուն անաղարտ պահելու եւ ըստ հնարաւորին, օտարաբանութիւնից խուսափելու մեր մտաւորական շրջանակների ջանքերը տակաւին լիարժէքօրէն չեն արդիւնաւորուել հայրենիքում, եւ որ առատօրէն գործածւում են օտարալեզու այնպիսի եզրեր ու բառեր, որոնց հայերէնը իմաստային առումով ունի ոչ միայն համարժէք հզօրութիւն, այլ նաեւ՝ աւելի հնչեղ ու իմաստալից է:
Հետաքրքիր է իմանալ, որ բառարանում տեղ գտած այդ օտարամուտ բառերը համեմատութեան ի՞նչ տոկոս են ներկայացնում: Բառարանի էջերը թերթելիս, պատահականօրէն կանգ առայ մի քանի էջերի վրայ, ստանալով հետեւեալ պատկերը.
– Էջ 7ում տեղ գտած շուրջ 32 բառից 14ը, այսինքն՝ 56.25 տոկոսը, էջ 86ում՝ 42 բառից 14ը, այսինքն՝ 33.33 տոկոսը, էջ 106ում՝ 39 բառից 29ը, այսինքն՝ 74.35 տոկոսը, էջ 197ում՝ 39 բառից 33ը, այսինքն՝ 84.61 տոկոսը, իսկ 198ում՝ 38 բառից 37ը, այսինքն՝ 97.36 տոկոսը օտարամուտ բառեր են (ինչպիսիք են օրինակ՝ աբսուրդ, ագենտ, ագրեսիա, ագրոբիզնես, դիսկուսիա, դիւիդենդ, դիրիժոր, էմիգրանտ, էմոցիոն, էներգետիկա, էպիզոդ, կոմպակտ, կոմպենսացիա, կոմպոնենտ, կոմպլեկտ, կոմֆորտ եւ այլն):
Թէեւ Տիգրան Դաւթեանը փորձել է հայերէնացնել օտարամուտ նման բառերի որոշ մասը եւ փակագծերի մէջ տալ դրանց հայերէն հոմանիշը, այնուամենայնիւ, երեւոյթը մնում է խիստ մտահոգիչ այնքան ժամանակ, քանի դեռ օտարաբանութիւնը շարունակում է խեղել ու խեղանդամել մայրենին, որը իր բառաբարդման եզակի կարողականութեամբ եւ քերականական ու լեզուամտածողական հարստութեամբ կարող է հայերէնացնել աշխարհում ի յայտ եկող նոր եզրեր ու բառակապակցութիւններ եւ հանդէս գալ որպէս ժամանակակից լեզուական պահանջներին ականջալուր եւ ժամանակի հետ քայլ պահող հարուստ լեզու:
Օտարաբանութեան դէմ պայքարի պերճախօս վկան հանդիսանում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 12րդ յօդուածը, ուր յայտարարւում է, որ Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է: Դա նշանակում է նաեւ, որ հայերէն տառերով օտարալեզու բառերը չեն կարող հայերէն համարուել եւ մաս կազմել մեր բառարանային գանձարանին: Հետեւաբար, ամէն գնով պէտք է պայքարել օտարալեզու բառերի տարածման ու գործածման դէմ՝ ի խնդիր ժառանգաբար մեզ վստահուած մայրենին անաղարտ պահելու համահայկական պարտաւորութեան:
Գնահատելով Տիգրան Դաւթեանի այն ճիգը, որով նա աշխատել է օտարալեզու բառերի կողքին ներկայացնել նաեւ դրանց հայերէն համարժէք հոմանիշները, իմ սրտագին ցանկութիւնն ու առաջարկն է, որ առաջիկայում նա հրատարակի օտարալեզու եզրերն ու բառերը հայերէնի վերածուած նոր բառարան, որը մեծապէս կարող է առաւել օգտակար հանդիսանալ նման եզրեր ու բառեր օգտագործող շրջանակների համար: