Ապրիլի 23-ի երեկոն էր. Ստամբուլի Շիշլի թաղամասի մետրոյի կայարաններից մեկի մոտ, շատ բանուկ կետում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի լուռ միջոցառում էր իրականացվում… հետո սկսեց երթը. պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլի փողոցներում շրջում էին ցեղասպանության մասին մեծ պաստառներով, ձեռքերում` սպանված մտավորականների նկարներն ու կարմիր մեխակներ…
Թափորին ուղեկցում էին հայկական տխուր, մեղեդային երգերը. իրիկնանում էր. մասնակիցները մոմեր էին վառում ու թողնում շենքերի մուտքերի մոտ` լույս էին բաժին հանում տներում փակված, իրենց ներսում պահ մտած Մարդու հոգիներին… մի քանիսը պատերին հայ մեծերի անուններն էին գրաֆիտիով գրում` Զաբել Եսայան, Գրիգոր Զոհրապ, Հրանտ Դինք… buradaydi (այստեղ են)… Մեծերն էլ լույսից անմասն չէին մնում, անունների շուրջ մոմեր էին վառվում` խտացող մթության մեջ պայծառ, հատուկ… լրագրողները շատ էին, աջուձախ էին վազվզում, իրադարձությունները ֆիքսում, մեկնաբանություններ պոկում… մինչև կիջնեի շենքերից մեկի երկրորդ հարկից, ուր գնացել էի վերևից կադր ստանալու, հետ մնացի թափորից:
Փողոցն արագ իջա, որ հասնեմ… ու տեսա Ռոմինային. աշխարհից կտրված, դեմքն ափերի մեջ, հայացքը` բացակա… մտածեցի` ֆոտոլրագրող է, ազդվել է տեսած պատկերից (ինքս ընդամենը կես ժամ առաջ ինձ համոզեցի ցած չդնել տեսախցիկն ու չմիանալ ցուցարարներին. մի պահ դադար տվեցի, ինձ ժամանակ տվեցի` կիսել ընդհանուր տրամադրությունը, որսալ օդում տարածվող մտքերն ու ցավը… ու վերադարձա աշխատանքիս)… նկարեցի: Ոչինչ չէր նկատում: Ինձ չէր նկատում: Նայում էր իր առջևով անցնող թափորի վերջին շարքերին, մարդկանց գլխավերևում պահված մտավորականների նկարների հանդարտ երթին, ու չէր վերադառնում ներկա:
Մոտեցա:
Ժպտացի:
Ժպտաց:
Թուրքերեն ինչ-որ բան ասաց:
Չհասկացա:
Արցունքները սրբելով` շունչը տեղը բերեց.
– This is the first time happening here!..
– I know…
… չկարողացավ խոսքը շարունակել…
ուզեցի հասկացնել, որ օտար չեմ, կիսում եմ ցավն ու հուզմունքը.
– I am Armenian, from Yerevan…
– and I am Armenian, from Istanbul.
…..
պինդ գրկեցինք իրար.
– Do you speak Armenian?
– Իհարկե,- ականջիս տակ ասաց:
…ու արդեն չգիտեի` ինչ ասել… ես էլ զգու՞մ եմ – այո…
կիսու՞մ եմ – այո… հասկանու՞մ եմ – չգիտեմ… կարո՞ղ եմ հասկանալ արդեն մեկ դար վախի ու ցավի մեջ ապրող այս մարդկանց. գիտե՞մ, թե ինչ է նշանակում վախենալ սեփական ինքնության ու անցյալի բացահայտումից. կիսու՞մ եմ մոտալուտ ազատության զգացումը, որ օր-օրի զարթնում է պոլսահայերի մեջ… հավանաբար` ոչ. ես հայկական պետության մեջ եմ ապրել արդեն մեկ դար, ես իմ պետությունն եմ կերտում արդեն մեկ դար… իրենք էլ իրենց հայրենիքում են, բայց օտարի երկրում…
ես նրա ցավը չգիտեմ…
– Լավ կացեք. – նորից ժպտացինք իրար.- գնացի՞նք,- գլխով ցույց տվեցի երթի ուղղությամբ: Գլուխը բացասական շարժեց.
– Փոքրիկ տղա ունեմ տանը… ուղղակի պետք է տեսնեի սա…
գնաց տուն,
հայ զավակի մոտ,
հայի երազանքը փոխանցելու,
Ռոմինան՝
հայուհին Թուրքիայում:
Սեդա Գրիգորյան, Ստամբուլ-Երևան