Երիտասարդ գիտնականի ամբիոն
Ռոքսանա Զախարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, հեռակա ասպիրանտ է, փետրվարի 1-ին նշանակված է իր թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը՝ մոլեկուլային և բջջային կենսաբանություն մասնագիտությամբ: Ատենախոսական աշխատանքի վերնգիրն է «Իմունային համակարգի խախտումների մոլեկուլագենետիկական մարկերները շիզոֆրենիայի ժամանակ»։ Բարի պաշտպանությո՛ւն, Ռոքսանա։
Հետազոտական խումբը, որի կազմում ընդգրկված է Ռոքսանան, ուսումնասիրություններ է կատարում մոլեկուլային և բջջային կենսաբանության բնագավառում: Ուսումնասիրվում են ծանր հոգեկան անբուժելի հիվանդության` շիզոֆրենիայի ժամանակ իմունային և նյարդային համակարգերի խախտումները սպիտակուցների և դրանք կոդավորող գեների միջոցով` հիվանդության կենսամարկերներ գտնելու նպատակով:
Հաջողվել է բացահայտել հիվանդության զարգացման համար ռիսկի գործոն հանդիսացող մի շարք նոր գեներ և դրանց պոլիմորֆիզմներ, որոնք կարող են լուրջ հիմք ստեղծել՝ հետագայում հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ եղանակների մշակման համար: «Կարծում եմ, ինչ-որ իմաստով հաջողություն կարելի է համարել 34 գիտական հրապարակումներս (մեծամասամբ համահեղինակներիս հետ, իհարկե) արտասահմանյան հայտնի ամսագրերում»։ Հոդվածների թվում կա 1 գլուխ՝ ԱՄՆ-ում լույս տեսած գրքում (2012թ), 6 հոդված՝ միջազգային գիտատեխնիկական շտեմարաններում ինդեքսավորվող (ԱԳ ունեցող) ամսագրերում (2010-2012թթ), 5 հոդված՝ տեղական ամսագրերում, մնացածը միջազգային և տեղական գիտաժողովների նյութեր են։
Աշխատանքները համեմատաբար նոր են` լույս են տեսել 2010-2012 թ.թ. ընթացքում, այնուամենայնիվ, արդեն կան հղումներ միջազգային ԱԳ (2.7, 3, 3.4, 5.4, 13.7) ունեցող ամսագրերում տպագրված հեղինակների կողմից: Միջինում, դրանք կատարված են 4-5 համահեղինակով:
Աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, նշենք միայն մի քանիսը. «Ցիտոկիններ-2012» ցիտոկինների միջազգային միության 10-րդ գիտաժողով, սեպտեմբերի 11-14, Ժնև, Շվեյցարիա; «Գենոմիկ հիվանդություններ-2012», մարտի 21-24, 2012թ., Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն; «Հետգենոմային տեխնոլոգիաներ կենսաբժշկության համար-2012» միջազգային գիտաժողով, հունիսի 25-29, 2012թ. Նովոսիբիրսկ, ՌԴ; «Գեների էքսպրեսիայի կարգավորում և տվյալների մշակում», FEBS-ի գործնական կուրս, օգոստոսի 27-սեպտեմբերի 4, 2011թ., Դեբրեցեն, Հունգարիա; Իմունագենետիկայի և հիստոհամատեղության Եվրոպական 25-րդ գիտաժողով, մայիսի 4-11, 2011թ., Պրահա, Չեխիա։ Գիտաժողովների ընթացքում աշխատանքները սովորաբար ուշադրության են արժանանում, ինչը մի կողմից պայմանավորված է ստացված տվյալների նորույթով, իսկ մյուս կողմից` ուսումնասիրված հիվանդության դեռևս անհայտ ծագումնաբանությամբ և բուժման արդյունավետ եղանակների բացակայությամբ:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն երկար տարիներ համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար գիտական կենտրոնների և համալսարանների հետ, ներառյալ`ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը, Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնը, Էստոնիայի կենսաբանական կենտրոնը, Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանը (Գերմանիա), Կալիֆորնիայի Սան-Ֆրանցիսկոյի համալսարանը, ՀՖԿ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը (Ռուսաստան), Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (Դուբնա), Ուպսալայի համալսարանը (Շվեդիա), Պալացկու համալսարանը (Չեխիա), Ռովետի սննդի և առողջության ինստիտուտը (Մեծ Բրիտանիա), Ուպսալայի համալսարանը (Շվեդիա), Օքսֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Ֆրիդրիխ-Ալեքսանդրի համալսարանը (Գերմանիա):
Անձամբ Ռոքսանային բախտ է վիճակվել Միջազգային Վիշեգրադ ֆոնդից ստացած դրամաշնորհի շրջանակներում վերապատրաստվել և իր հետազոտությունների հետ առնչվող փորձեր իրականացնել Չեխիայի Պալացկու համալսարանում (սեպտեմբեր 2009թ-ֆետրվար 2010թ): Համագործակցությունը նրան իրոք շատ բան տվեց` փորձնական ու տեսական գիտելիքների հարստացնելու տեսանկյունից, կատարված աշխատանքն ամփոփվեց նաև արտասահմանյան ամսագրերում. «Չափազանց կարևորում եմ միջազգային համագործակցությունները՝ հատկապես Հայաստանում աշխատող գիտնականների համար, ովքեր հաճախ ունեն սահմանափակ միջոցներ, ինչը խոչընդոտում է եղած գիտական գաղափարների իրականացմանը: Այդ առումով, արտերկրյա գործընկերներ ունենալը կենսական անհրաժեշտություն է, երբեմն` առկա վիճակից դուրս գալու միակ հնարավորությունը»:
Ռոքսանան շատ է կարևորում ստացած դրամաշնորհները, քանի որ դրանք հնարավորություն տվեցին իրեն՝ իրականացնել գիտահետազոտական գործունեություն այստեղ և արտերկրում, ներկայացնել և քննարկել ստացված արդյունքները միջազգային գիտաժողովներում և ուղղակիորեն խրախուսեցին հետագա աշխատանքների իրականացումը:
Դրամաշնրհներ, մրցանակներ և պարգևներ ստացել է բավական մեծ թվով.
1. International Visegrad Fund, Bratislava, Slovak Republic, 2009-2010թթ.
2. Գիտության պետական կոմիտե, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ), ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամ (CRDF), ECSP-09-70, 2010թ.
3. «Ազդեցության գործակցի» – Ծառուկյան հիմնադրամ, 2011թ.
4. Wellcome Trust, Միացյալ Թագավորություն, գիտաժողովին մասնակցելու դրամաշնորհ, 2012թ.
5. Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ) և Հայ կանանց միջազգային միություն (AIWA), #MEPS-12-03 (2012)
6. ԳԱՏԱՀ, գիտաժողովին մասնակցելու դրամաշնորհ, 2012թ.
7. Կենսաքիմիկոսների Եվրոպական միությունների ֆեդերացիայի (Federation for European Biochemical Societies, FEBS) հայաստանյան մասնաճյուղ, գիտաժողովին մասնակցելու դրամաշնորհ, 2012թ.
8. «Հղումների քանակի» – «Տաշիր» հիմնադրամ, 2012թ.
9. «Շիզոֆրենիայի կենսամարկերների որոնում սինապտիկ սպիտակուցների գեների
մեջ» («Searching for schizophrenia biomarkers among the genes of synaptic proteins»), ANSEF, 2013թ.
Այնուհանդերձ, համարում է, որ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխությունները լջորեն փոխել իրավիճակը չեն կարող, դրանք միայն կարող են երիտասարդներին խրախուսել` առավել մեծ եռանդով շարունակելու իրենց գիտահետազոտական գործունեությունը. «Դարձնել դրանք չափանիշ` գիտնականին գնահատելու համար, կարծում եմ՝ սխալ է, թեկուզ հենց էթիկական տեսանկյունից: Հայաստանում գիտության բնագավառում աշխատող յուրաքանչյուր գիտնական արդեն իսկ հերոս է, անգամ եթե որևէ մրցանակի չի արժանացել»:
Կոնկրետ այս տարվա «Հայկյան» մրցանակակրի հետ կապված, Ռոքսանան ասում է. «Ծանոթ լինելով նրա տպագրություններին՝ քանականան և որակական տեսանկյունից, կարող եմ ասել, որ բավարարում է նաև իմ նշած չափանիշին, և գտնում եմ, որ լիովին արժանի էր այդ մրցանակին: Իսկ ընդհանրապես, եթե հնարավորությունները սուղ չլինեին, կարծում եմ, շատ հաճելի ու ճիշտ կլիներ՝ խրախուսել երիտասարդական ցանկացած ձեռքբերում` լինի դա տպագրություն, գիտական գյուտ և այլն»:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառների ու խորքային արմատների հետ կապված կարծիքը՝ «Հայաստանում գիտության ոչ բավարար ֆինանսավորումնը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի պատճառով. նախ`գիտության ու գիտնականի նկատմամբ ոչ այնքան լուրջ վերաբերմունքը, ինչը արտահայտվում է թե՛ հասարակության և թե՛ պետական օղակների մակարդակով: Հարկ է նշել, անշուշտ, որ մեր պետության միջոցներն էլ սահմանափակ են և դրանք, իհարկե, համեմատելի չեն եվրոպական երկրների ֆինանսական հնարավորությունների հետ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ կարելի է ֆինանսներն այլ կերպ վերաբաշխել` տալով հայաստանյան գիտնականներին և մասնավորապես երիտասարդներին՝ իրենց գիտական գործունեությունը ծավալելու հենց իրե՛նց հայրենիքում և ոչ թե արտերկրում, ընդ որում` անվերադարձ:
Ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջի ստեղծումն ու տարված աշխատանքներն, անշուշտ, իրենց կարևոր դերն ունեցան առկա խնդիրների բարձրաձայնման հարցում: Սակայն, ինչպես արդեն մի անգամ նշել եմ, ես հույս ունեմ, որ մի օր այս էջն արդեն իր արդիականությունը կկորցնի այս բառի ամենադրական իմաստով, այսինքն` ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ հայասատանյան գիտնականներն այնքան կֆինանսավորվեն, որ ֆինանսներ պահանջելու (չեմ ուզում «մուրալ» կոպիտ հնչող բարռը կիրառել, որն իրականում շատ ավելի տեղին է) անհրաժեշտություն չի լինի: Մեզ համակարգային ու բեկումնային փոփոխություններ են անհրաժեշտ ու անհապաղ»:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրը Ռոքսանան համարում է երիտասարդ գիտնականի համար գիտական մտահղացումների ու ձգտումների անհամապատասխանությունը՝ եղած հնարավորություններին: Լուծման ճանապարհներից մեկը՝ տեղական և արտասահմանյան դրամաշնորհներին դիմելը, կարճաժամկետ գիտական գործուղումներն արտասահման` առաջադրված խնդիրների իրագործման համար համապատասխան բազա ունեցող գիտական կենտրոններ հետազոտությունների իրագործման համար (վերադարձի պայմանով):
-Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, իհարկե, շատ կարևոր է համարում, քանի որ նպաստում է գիտության ոլորտում առկա խնդիրները տարբեր օղակներում լսելի դարձնելուն: Գործով վաստակել կամ ուղղակի վարձատրվել անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու` լինի դա գիտնական, թե սպասարկման ոլորտի ներկայացուցիչ: Գիտնականը սկսում է մտածել վարձատրվելու մասին այն ժամանակ, երբ իր առջև անլուծելի խնդիր է ծառանում` ինչպես բավարարել սեփական համեստ կաիրքները, և այդ հարցը լուծում չի գտնում: Գիտության նվիրյալ լինելը շատ ողջունելի է և չափազանց կարևոր՝ պետության զարգացման և գիտելիքահենք տնտեսության ստեղծման համար, սակայն մարդը մնում է մարդ և ունի կարիքներ, որոնք բավարարել է պետք:
Ինչ վերաբերում է կոռուպցիային. «Այն ոլորտում, որում աշխատում եմ, կոռուպցիայի կամ շահագործման հետ, բարեբախտաբար, դեռ չեմ առնչվել, կարծում եմ, չեմ էլ առնչվի: Նմանատիպ դեպքերի ծանոթ էլ չեմ»:
Վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ, կարծում է, որ անշուշտ նկատելի է: Մի շարք դրամաշնորհներ են հայտարարվում պետական կառույցների կողմից, մասնավոր հատվածը (Գ. Ծառուկյան և Տաշիր հիմնադրամներ) ևս հատուկ ուշադրության է արժանացրել գիտության ոլորտը: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ` նվազագույն աշխատավարձը դեռ 35,000 դրամ է:
-Ռոքսանա, ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
-Միջազգային վիշեգրադ ֆոնդի ստացած դրամաշնորհի շրջանակներում 5 ամիս աշխատել և հետազոտություններիս հետ առնչվող փորձեր եմ իրականացնել Չեխիայի Պալացկու համալսարանում: Հիմնական տարբերությունը սարքավորումների բազմազանությունն է և ֆինանսական լայն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս արդյունավետ կերպով իրականացնել գրեթե ցանկացած գիտական մտահղացում ժամանակակից սարքերի կիրառմամբ:
Գիտնականների, գիտական խմբերի միջև ներհայաստանյան համագործակցությունն այնքան էլ զարգացած չի համարում. «Սա մասամբ մեր հայկական մտածելակերպի խնդիրն է, բացասական ոճով չշարունակելու համար նախընտրում եմ լռել»:
Չի բացառում, որ Հայաստանում ևս հնարավոր կդառնա մոտ ապագայում ունենալ սպասված մասնագիտական աճ. «Ներկայիս դրությամբ, ներկա սահմանափակ հնարավորությունների պարագայում, կարծում եմ, լավագույն տարբերակը հայաստանյան աշխատանքը արտասահմանյան կարճատև գործուղումներով համալրելն է` գիտական մտահղացումներն իրագործելու նպատակով»:
Մանե Հակոբյան