Նյու-Յորք – Ապրիլի 4-ին Նյու Յորքի Թենրի Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ Արմեն Դոնելյանի «Սայաթ-Նովա – իմ նախնիների երգերը» վերնագրով նոր սկավառակի թողարկման համերգը: Համերգը կազմակերպել էին Նյու-Յորքի Հայ Ուսանողների Ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Հովսեփյանը և նրա կինը՝ Թամար Գասպարյան-Հովսեփյանը, Թենրի Մշակութային Կենտրոնի և Sunnyside ձայնագրման ստուդիայի հետ համատեղ:
Այս սկավառակը դաշնակահար, կոմպոզիտոր, խմբի ղեկավար եւ մանկավարժ Արմեն Դոնելյանի նոր, կրկնակի ալբոմն է, թվով տասներորդը որ թողարկվել է Sunnyside ձայնագրման ստուդիայի կողմից:
Որպես մենակատար դաշնակահար և իր ջազային եռյակի առաջնորդ, Դավիթ Կլարկի եւ Ջորջ Շուլլերի հետ, այս սկավառակում Դոնելյանը կենտրոնանում է 18 – րդ դարի հայ աշուղ Սայաթ – Նովայի (1712-1792) նուրբ և սքանչելի երաժշտության վրա: «Ես հպարտ եմ որ կարող եմ Սայաթ-Նովայի երաժշտությունը ներկայացնել լայն հանրությանը», – ասում է Դոնելյանը:
Նախագծի մասին Դոնելյանն սկսել է մտածել 2002 թվականից երբ նա վարպետության դասեր է տվել Երևանի պետական կոնսերվատորիայում: Հայաստանում ապրած ամիսներին նա սկսել է խորությամբ ուսումնասիրել Սայաթ-Նովայի երաժշտությունը և իր հետ Միացյալ Նահանգներ տարել կարևոր գրքեր և նոտաներ:
«Վաղ հասակից մեր բազմամշակութային ընտանիքում միշտ լսել եմ Միջին Արեւելքի, Եվրոպական դասական եւ Ամերիկյան ջազ երաժշտության ձայնագրություններ», ասում է Դոնելյանը: Այս երեք ուղություններն էլ հենց միաձուլվում են Սայաթ-Նովայի երաժշտության Դոնելիանական մեկնաբանություններում: Պահպանելով Սայաթ-Նովայի մեղեդիների յուրաքանչյուր մասնիկ Դոնելյանը վարպետորեն ձուլում է ժամանակակից ջազի և դասական երաժշտական ձեւաչափերը հանգելով կատարյալ համրմոնիկ և հղկված երաժշտական աբմողջության:
Արմեն Դոնելյանը ծնվել է 1950 թվականին Նյու-Յորքում, հայ ընտանիքում: Նվագել է մի շարք աշխարհահռչակ խմբերի և անհատ կտարողների հետ: Դասավանդել է և այժմ էլ դասավանդում է Նյու-Յորքի մի շարք համալսարաններում:
«Սայաթ-Նովա – իմ նախնիների երգերը» սկավառակը և առանձին երգեր հնարավոր է գնել iTunes և Amazon կայքերում: