Աշխարհաքաղաքական շահերի բուռն բախում
Սիրիայի պատերազմի, կամ ավելի ճիշտ` Սիրիայի համար պատերազմի, բուն պատճառը պետք է փնտրել տարածաշրջանի ֆինանսական և ռազմավարական խոշոր շահերի բախման մեջ:
Նավթային հայտնի պաշարների պակասելու և նոր որոնումներ իրականացնելու աճող ծախսերի հետևանքով, 21-րդ դարը, ոմանք ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ դար են անվանում: 2009 թ.-ի ձմռանը ռուս-ուկրաինական անհամաձայնության և սուր բանավեճի հետևանքով, բնական գազի հոսքը դեպի Եվրոպա դադարեց և նրա մի խոշոր հատվածը ցրտի մատնվեց:
Զգալով Ռուսաստանից բնական գազի ներածելու ռիսկերը, եվրոպական երկրները, անմիջապես, սկսեցին այլընտրանքային աղբյուրների որոնումը: «Նաբուկո» եւ «Հարավային միջանցքի» ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրելու գազատարների նախագծերը, թեև հենց այդ ահազանգի արդյունքն էր, սակայն ադրբեջանական պաշարների սահմանափակ լինելն ու փոխընտրություն ունենալու Եվրոպայի ցանկությունը, Եվրոպային մղեց հայացքը սեւեռել՝ դեպի Պարսից Ծոցի բնական գազի հարուստ պաշարները, որի զգալի մասը գտնվում են Իրանի և Կատարի ջրային տարածքներում, մասնավորապես “Հարավային Փարս” կոչվող հանքահորերում:
«Իսլամական գազամուղ»
2011թ.- ի ամռանը Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջև ստորագրվեց տարեկան 40 մլրդ խորանարդ մետր տարողությամբ բնական գազ տեղափոխող` «Իսլամական գազամուղի» կառուցման համաձայնագիրը, որի միջոցով իրանական գազը պիտի հասներ Լիբանան ու Միջերկրականի ափ և այնտեղից` Հունաստան ու եւրոպական այլ երկրներ: Մասնագետների համոզմամբ՝ շուրջ 16 տրիլիոն խորանարդ մետր գազի ահռելի այդ պաշարը, կբավարարի եվրոպական երկրների առաջիկա 100-150 տարիների կարիքները:
Նման մի նախագծի իրականացումը, միջազգային էներգետիկ շուկայում, կթուլացներ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի դիրքերը: Հետևաբար, գազի մեծ պաշարների տեր և Իրանի անմիջական մրցակից Կատարը, Սաուդյան Արաբիայի հետ միասին, լայնամասշտաբ դիվանագիտական, ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերեցին Սիրիայի վարչակարգի դեմ կռվող զինյալ ապստամբներին: Սաուդյան Արաբիան համոզված է, որ գազամուղի իրանական տարբերակի իրականացումը, Իրանի միջուկային ծրագրի լրացուիցիչ մասն է՝ տարածաշրջանում նրա հեգեմոնիկ հավակնությունները հաստատելու համար:
Այլընտրանքային գազամուղ
ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող մի այլ գազամուղի ծրագիր, Կատարի բնական գազը, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի տարածքով հասցնելու է Լիբանան և Իսրայել եւ Թուրքիայի տարածքով՝ Միջերկրական ծովի ափ եւ այնուհետ Եվրոպա: Այլընտրանքային այս խողովակաշարը, ըստ նախագծի Սիրիայի Հոմս քաղաքում բաժանվելու է երեք մասի, առաջինը ուղղվելու է Լիբանան, երկրորդը՝ սիրիական Տարտուս նավահանգիստ և երրորդը` Թուրքիայի Միջերկրական ծովի ափ ու Եվրոպա:
Առաջարկվող գազամուղի ուղղությունը ամբողջովին բացահայտում է, անցյալ ամիսների սիրիական Հոմս և Ալ-Ղուսեյր քաղաքաներին տիրապետելու կատաղի մարտերի նշանակությունը, որն ավարտվեց Սիրիայի կենտրոնական իշխանության ռազմական հաջողությամբ: Արժի հիշել նաև, որ այդ աննախադեպ և սաստիկ պատերազմի նախօրեին, հազարավոր, նախապես մարզված և կռված կալանավոր, ծայրահեղ սուննի իսլամիստներ տարածաշրջանի վեց երկների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Իրաքի և Սոմալիի բանտերից «փախուստի դիմելով» միացան սիրիական ապստամբների ծայրահեղ հատվածին, որին հաջորդեց իրանամետ Հիզբալլահ շարժման մարտական ուժերի բացահայտ մասնակցությունը սիրիական պատերազմին` զորակցելով կենտրոնական իշխանության:
Ի՞նչ է հետապնդում Թուրքիան
Գազամուղի իրանական տարբերակը, Թուրքիային զրկում է, տարանցիկ փոխադրման հսկայական եկամուտներից, մինչ երկրորդ գազամուղը, ոչ միայն Թուրքիային էներգետիկ առումով կախված չի պահում Իրանից, այլև տասնյակ տարիների համար ֆինանսական մեծ շահ է ապահովում տարանցիկ ծառայության համար, հետևաբար՝ Թուրքիան ամեն ճիգ գործադրում է Բաշար Ալ-Ասադի իշխանությունը տապալելու համար: Թունիսի, Լիբիայի և Եգիպտոսի արագ իշխանափոխությունների օրինակներին խաբվելով, Թուրքիան ակնկալում էր նաևՍիրիայի իշխանության արագ տապալումը: Սիրիայի սուննի “Ախվան եղբայների” վրա իր ազդեցությունը տարածելով, Թուրքիան երազում է իրականացնել իր “Նոր Օտոմանյան” երևակայական ծրագիրը, որի ջատագովն է վարչապետ Էրդողանը և իր արտգործնախարար` Դավութօղլուն:
Վերջին չորս տասնամյակներում Հայաստանամերձ Սփյուռքի հայկական համայնքները քայքայելու թաքուն հակահայ քաղաքականության կողքին, Թուրքիան ենթադրում է, որ տապալելով Սիրիայի ալեվի իշխանությունը, կտկարացնի նաև Թուրքիայի ավելի քան քսան միլիոնի հասնող թուրք և արաբ ալեվիների ինքնուրույնության ձգտող շարժումները, թեև երկու երկրների ալեվիները ունեն դավանանքային տարբերություններ, սակայն նրանք գիտակցում են թուրք սուննի վերնախավի խորամանկորեն իրականացվող հետին նկտումները:
Իսկ ներկա պահին Թուրքիայի անվտանգության համար ամենակարևորը, Սիրիայում գործող, Քրդական բանվորական կուսակցությանը՝ (ՔԲԿ-PKK), հարող Քուրդիստանի դեմոկրատական միությանը (ՓԴՄ-PYD) հակակշռելն ու նվազագույն կորուստներով քայքայելն է, որը իրականացնում է` զինելով և ֆինանսավորելով սելեֆի և ջիհադիստ սուննի ծայրահեղականներին: Սիրիայում ՔԲԿ-ի (PKK) համակիր քրդերին տկարացնելուն զուգահեռ, Իրաքի քրդական կիսանկախ իշխանության վերնախավին նեցակցելով, Թուրքիան փորձում է քրդական հարցը վերածել ներքրդական խնդրի՝ քրդերին զսպել քրդերի միջոցով, նավթի արտահանմամբ աստղաբաշխական շահեր ապահովելով Հյուսիսային Իրաքի քրդական կիսանկախ իշխանության վերնախավին:
Մինչ այդ, Թուրքիայի տարածաշրջանային ամենամեծ ձախողությունը, Եգիպտոսի իսլամ եղբայրների` “ախվանական” իշխանության տապալումն էր: “Ախվանական” իշխանության պարագլուխներին պաշտպանելն ու Եգիպտոսի նոր իշխանությունների դեմ Թուրքիայի մեծամտական ու վարկաբեկիչ հայտարարությունները սրել են ոչ միայն այդ երկու պետությունների հարաբերությունները, այլ նաև Սիրիական տագնապում Թուրքիայի դաշնակից` Սաուդյան Արաբիայի իշխանության հետ, որը հակադրված լինելով “ախվանական” շարժմանը ամբողջովին զորակցում է Եգիպտոսի նոր իշխանությանը:
Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական անհաջողությունները, տկարացրել են իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի դիրքերը ու թեև նրա կուսակցությունը շարունակում է մնալ առաջատար ուժը, սակայն երկրում տարաբնույթ բողոքները ամեն առիթով վերածվում են աննախադեպ զանգվածային ցույցերի:
ԱՄՆ-ն և տարածաշրջանը
Աֆղանստանի և Իրաքի պատերազմներից հոգնած ԱՄՆ-ն, ամեն ճիգ ի գործ է դնում, չմխրճվելու մի նոր պատերազմում: Դիտորդների գնահատմամբ, ԱՄՆ- ն, առնվազն ներկա դրությամբ, չի ընդառաջում Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի ցանկությանը՝ ռազմական միջոցով իրականացնել Սիրիայի իշխանության տապալումը, այլ Իսրայելի անվտանգությունը տարածաշրջանում գլխավոր նպատակ համարելով, շարունակում է սիրիական տագնապի երկու կողմերի միջև ուժերի հավասարակշռություն ապահովել, նույն ժամանակ նրանց տկարացման և քայքայման առաջնորդելով: Կրոնական և դավանանքային գետնի վրա տեղի ունեցող մասսայական ոճիրները, ավելացնում են Սիրիայի, որպես ամբողջական պետություն` քայքայվելու հավանականությունը, ինչը նույնպես կարող է գոհունակությամբ ընդունվել պաշտոնական Թել Ավիվի կողմից:
Արաբ-իսրայելյան հակամարտությունը, որ տասնամյակներ տարածաշրջանային գլխավոր հակադրվածությունն էր համարվում, արդեն իսկ իր տեղը զիջել է իրանամետ և Սաուդյան Արաբիային հարող` մուսուլմանական երկու հակադրված դավանանքների`շիիթների և սուննիների միջև առճակատմանը, ինչը ձեռնտու է Իսրայելին: Իսկ Սիրիային քիմիական զենքերից զրկելու քայլը, նույնպես և ամբողջությամբ համընկնում է նշված նպատակի իրականացմանը:
Խոսք Հայաստանի
«Հայաստան» շաբաթաթերթ,
Աթենք, 19 սեպտեմբերի 2013, թիվ 843