17 Մայիս 2020
Յարգելի հայրենասէր բարեկամ,
Արեւմտահայերէնը հասած է կործանման եզրին, սփիւռքահայութեան զանազան հատուածներուն մէջ հետզհետէ խորացող ձուլման եւ ազգային ինքնութեան կորստեան պատճառով։ Որպէս փրկութեան արմատական միջոց անհրաժեշտ է որ Հայաստանի Հանրապետութիւնը պետական գերակայ շահ յայտարարէ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ։
Սակայն մեծ ցաւով կը նկատենք թէ՝ մեր հայրենիքին մէջ արեւելահայերէնը նոյնպէս վտանգուած է: Լեզուն ենթարկուած է օտար բառերու խորթ եւ անհարկի ներմուծումներու, աղճատուած է օտար բառերու եւ եզրերու անշնորհք «հայացումներու» հետեւանքով։ Նորօրեայ «հայախօսներն» ու «հայագիրները» աղբամանի վերածած են մեր մայրենին՝ անհասկնալի դարձնելով արեւելահայերէնը։
Լեզուին հասցուած է ու կը հասցուի մահացու հարուած՝ պաշտօնատարներու, լրագրողներու, թղթակիցներու, հաղորդավարներու եւ հեռատեսիլի մեկնաբաններու կողմէ։ Խորթ բառերն ու արտայայտութիւնները կը ներկայացուին ու կ’ընկալուին իբրեւ «հայացած» բառեր։ Օտար բառերու այս սանձարձակ գործածութիւնը կը բացատրուի «ժամանակի նորութիւններու» եւ «աշխարհին հետ կապ պահելու» ոչ-գիտական բացատրութիւններով։
Հետեւաբար, սոյն ստորագրահաւաքով Հայաստանի Հանրապետութեան պատկան մարմիններէն կը պահանջենք՝
Ա.- Անյապաղ վերականգնել Եզրաբանութեան Յանձնաժողովի հեղինակութիւնը եւ անոր տալ բացառիկ լիազօրութիւններ, որպէսզի կանոնակարգէ նոր բառեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:
Բ.- Վերջին տասնամեակներուն մուտք գործած օտար եւ զազրահնչուն բառերը փոխարինել իսկական հայարմատ բառերով ու եզրերով։
Գ.- Լեզուական խիստ գրաքննութեան ենթարկել զանգուածային լրատուական միջոցներու հրապարակումները եւ պետական մարմիններու պաշտօնական ելոյթներն ու հաղորդագրութիւնները, եւ Հ.Հ.ի պետական ՄԻԱԿ լեզուն այլասերողները կարգի հրաւիրել:
Դ.- Հեռատեսիլային յաճախակի հաղորդումներով եւ ժողովուրդին սիրելի մտաւորականներուն մասնակցութեամբ սատարել հայերէն նոր բառերու տարածման, եւ քաջալերել մեր հասարակութիւնը որ իբրեւ թէ «գործնականութեան» եւ «դիւրութեան» պատրուակով օտար բառեր չգործածեն մեր գեղեցիկ լեզուին մէջ։
Ե.- Յարգել գրական արեւելահայերէնի քերականական եւ շարահիւսական կանոնները, որպէսզի մեր քաղցրահնչուն արեւելահայերէնը զերծ մնայ օտար ներխուժումներէ։
Զ.- Պետական գրասենեակներու մէջ մերժել եւ արհամարհել այն բոլոր առցանց գրութիւնները, որոնք Հայաստանի քաղաքացիներու կողմէ կ’առաքուին լատինատառ կամ կիւրեղեան (ռուսերէն) տառերով։
Մենք կը հաւատանք որ հայ ժողովուրդը դրականօրէն կը մօտենայ մեր կոչին եւ բծախնդրութեամբ կ’աջակցի այս նախաձեռնութեան։
Յարգելի հայրենակից, վերոյիշեալ ստորագրահաւաքը պիտի ուղարկուի Հայաստանի պատկան անձնաւորութիւններուն եւ մարմիններուն: Լիայոյս ենք որ համաձայն էք բովանդակութեան հետ։ Կը խնդրենք միանալ մեզի՝ ստորագրելով էլեկտրոնային «պատուհան»ին մէջ:
Նախաձեռնողներ (այբբենական կարգով)
Այնթապլեան Յակոբ, Լոս Անճելըս, բժիշկ, բառարանագիր
Արթինեան Յովսէփ, Լիբանան, բանասէր, լրագրող
Գոճայեան Ասատուր, Անգլիա, ոսկերիչ
Գոճայեան Մինաս, Լոս Անճելըս, հայագէտ
Եազըճեան Գէորգ, Հայաստան, պատմաբան
Ելանկէօզեան Խուան Ռ. Ս, Արժանթին, երաժշտահան, բանաստեղծ
Եղիայեան Արմենակ, Լիբանան, ատամնաբոյժ, լեզուաբան
Էլլեզեան Հուրի, Գանատա, երկրաբան, բնապահպան
Թիւթիւնճեան Ժիրայր, Գանատա, լրագրող
Թումաճան Միհրան, Ա.Մ.Ն. Հայկական Համագումարի Արեւմտեան Շրջանի տնօրէն
Ճանոյեան Խաչիկ, Լոս Անճելըս, ապահովագրող, հասարակական գործիչ
Մանուկեան Էդգար, Գանատա, տնտեսագէտ, տնտեսագիտութեան թեկնածու
Մարտիկեան Ռազմիկ, Լոս Անճելըս, գործարար
Մարտիրոսեան Ալեքս, Գանատա, գործարար
Մկրտչեան Կարէն, Հայաստան, խմբագիր
Յարութիւնեան Անահիտ, Հայաստան, խմբագիր
Շխըրտըմեան Ահարոն, Լիբանան, ճարտարագէտ, խմբագիր
Չարչօղլեան Արմէն, Գանատա, աւագ գիտաշխատող
Պալեան Յակոբ, Ֆրանսա, խմբագիր
Պոյաճեան Բաբգէն, Գանատա, ճարտարագէտ
Սարգիս Ատամ, Գերմանիա, բժիշկ
Սերայտարեան Սուրէն, Վիեննա, դիւանագէտ
Տեքմեզեան Ռուբէն, Թեքսաս ԱՄՆ, բժիշկ
Տեքմեզեան Սիլվա, Թեքսաս ԱՄՆ, բուժքոյր
Տէր Դաւիթեան Յարութ, Լոս Անճելըս, հրապարակագիր
Քոչարեան Ժիրայր, Բեռլինի պետ. Ազատ Համալսարանի հնդևրոպական և համեմատական լեզուաբանութեան հայկական բաժնի դասախօս
ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
ՓՐԿԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆԸ
Հարգելի հայրենասեր բարեկամ,
Արևմտահայերենը հասել է կործանման եզրին՝ սփյուռքահայության զանազան հատվածների մեջ հետզհետե խորացող ձուլման և ազգային ինքնության կորստի պատճառով: Որպես փրկության արմատական միջոց անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական գերակա շահ հայտարարի ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ:
Սակայն մեծ ցավով նկատում ենք, որ մեր հայրենիքում արևելահայերենը նույնպես վտանգված է: Լեզուն ենթարկվել է օտար բառերի ու եզրերի խորթ և անհարկի ներմուծումների, աղճատվել օտար բառերի ու եզրերի անշնորհք «հայացումների» հետևանքով: Նորօրյա «հայախոսներն» ու «հայագիրները» աղբամանի են վերածել մեր մայրենին՝ անհասկանալի դարձնելով այն: Պաշտոնատարներ, թղթակիցներ, հաղորդավարներ և հեռուստատեսային մեկնաբաններ մահացու հարված են հասցրել ու շարունակում են հասցնել նախնիներից մեզ ժառանգված լեզվին: Օտար բառերն ու արտահայտությունները ներկայացվում են և ընկալվում են իբրև «հայացած» բառեր: Օտար բառերի այս սանձարձակ գործածությունը բացատրվում է «ժամանակի նորությունների» և «աշխարհի հետ կապ պահելու» ոչ-գիտական պատճառաբանություններով:
Հետևաբար, սույն ստորագրահավաքով Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից պահանջում ենք՝
Ա.- Անհապաղ վերականգնել Եզրաբանության հանձնաժողովի հեղինակությունը և նրան տալ բացառիկ լիազորություններ, որպեսզի կանոնակարգի նոր բառեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:
Բ.- Վերջին տասնամյակներին մուտք գործած օտար եւ զազրահունչ բառերը փոխարինել իսկական հայարմատ բառերով ու եզրերով:
Գ.- Լեզվական խիստ գրաքննության ենթարկել զանգվածային լրատվական միջոցների հրապարակումները և պետական մարմինների պաշտոնական ելույթներն ու հաղորդագրությունները, և ՀՀ պետական ՄԻԱԿ լեզուն այլասերողներին կարգի հրավիրել։
Դ.- Հաճախակի հեռուստահաղորդումներով և ժողովրդին սիրելի մտավորականների մասնակցությամբ սատարել հայերեն նոր բառերի տարածման, քաջալերել մեր հասարակությանը իբրև թե գործնականության և հեշտության պատրվակով օտար բառեր չգործածել մեր գեղեցիկ լեզվում:
Ե.- Հարգել գրական արևելահայերենի քերականական և շարահյուսական կանոնները, որպեսզի մեր քաղցրահնչուն արևելահայերենը զերծ մնա օտար բառերի ներխուժումներից:
Զ.- Պետական գրասենյակների մեջ մերժել այն բոլոր առցանց գրությունները, որոնք առաքվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից լատինատառ կամ կյուրեղյան (ռուսերեն) տառերով:
Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդն ու ՀՀ պետական մարմինները դրականորեն կվերաբերվեն մեր կոչին և բծախնդրությամբ կաջակցեն այս նախաձեռնության:
Հարգելի հայրենակից, վերոհիշյալ ստորագրահավաքը ուղարկվելու է Հայաստանի պատկան մարմիններին և անձնավորություններին։ Լիահույս ենք, որ համաձայն կլինեք բովանդակության հետ։ Խնդրում ենք միանալ մեզ, ստորագրելով էլեկտրոնային «պատուհան»ի մեջ։