Երիտասարդ գիտնականի ամբիոն
Տիգրան Սարուխանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բեռլինի տեխնիկական և Կոնստանցի համալսարանների այցելու գիտաշխատող: Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է Օսմանյան Թուրքիայի պատմությունն ու ժողովուրդների ազգագրությունը, համեմատական ցեղասպանագիտությունը և ցեղասպանությունների բազմաճյուղային հետազոտությունը:
1995–ին, երբ բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, քիչ ժամանակ անց էլ վերանվանվեց թանգարան–ինստիտուտ, կառավարության որոշմամբ, 1998–ին առաջին անգամ թանգարան–ինստիտուտն ընդունեց իր երիտասարդ կադրին. ինստիտուտի առաջին ասպիրանտը եղավ Տիգրան Սարուխանյանը։
Մի առիթով, խոսելով ցեղասպանության մասին, Տիգրանը նշել է, որ թեև արդեն մոտենում ենք ցեղասպանության 100–ամյակին, բայց այդպես էլ մենք չունեցանք այդ հարցով զբաղվոր լուրջ գիտական կենտրոններ, ինչպես նաև չունենք գիտական հրատարակումներ։ Մեր երկրում մինչև 1990–ը կային օբյեկտիվ պատճառներ՝ ցեղասպանության շուրջ չբարձրաձայնելու՝ դա գալիս էր սովետների երկրի վարած քաղաքականությունից, նրա՝ ինտերնացիոնալիզմի ու բարեկամության կարգախոսից, թվում էր՝ անկախացումից հետո ցեղասպանության հարցը կդրվեր ավելի լուրջ, գիտական ուսումնասիրությունների հողի վրա, բայց դա տեղի չունեցավ անգամ 1995–ից՝ Թանգարան–ինստիտուտի բացելուց հետո։
Նա հավելում է, որ ցեղասպանությունից 90 տարի անց նոր մենք սկսեցինք մտածել ցեղասպանագիտության մասին, այն դեպքում, երբ հրեա ծողովուրդը, ենթարկվելով ոչնչացման, բնաջնջման, 1945–ից՝ պատերազմից անմիջապես հետո, սկսեց հոլոքոստի ուսումնասիրությունը։ Հրեա ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ ստեղծեց հոլոքոստի ուսումնասիրման գիտական կենտրոններ, այդ կենտրոնների թիվն անցնում է 400–ից։ Եվ հոլոքոստի ուսումնասիրողները, համարյա առանց բացառության, ազգությամբ հրեա են, հնարավոր չէ պատկերացնել, հրեաները չեն հանդուրժի, որ իրենց ողբերգության ուսումնասիրման գիտական կենտրոնի տնօրենը լինի ազգությամբ գերմանացի, ինչքան էլ որ նա լինի արժանավոր գիտնական։ «Մենք փաստաթղթերով ու իրականությունում ունենք ցեղասպանության ուսումնասիրման միայն մեկ գիտական կենտրոն Հայաստանում` Ցեղասպանության թանագարան- ինստիտուտը: Եվ երկրորդ կենտրոնն արտասահմանում է` Կլարկի համալսարանում, ուր աշխատում է ազգությամբ թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը: Այսինքն` թուրքի կողմից ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն իր պատմությունը աշխարհին ներկայացնում է թուրք գիտնականի միջոցով»:
Տիգրան, Ձեր մասնագիտական կարիերայի ամենաշրջադարձային պահերը որո՞նք եք համարում։
2008թ. միջազգային մեծ վարկանիշ ունեցող Ալեքսանդր ֆոն Հումբոլդի անվան գիտական հիմնադրամի երկամյա մրցանակին արժանանալը, որը թույլ տվեց երկու տարուց ավել աշխատել Գերմանիայի Գեորգ Ավգուստ համալսարանում՝ որպես գիտահետազոտական աշխատակից: Գիտության մեջ նման մրցանակին արժանանալը, մանավանդ երեսունմեկ տարեկան հասակում բացառիկ ձեռքբերում էր, և նաև՝ մեծ պատիվ ցեղասպանության ուսումնասիրության մեր մոտեցումներին բարձր գնահատականի արժանացնելու առումով:
Իսկ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել և աշխատում։
Հրատարակել եմ ցեղասպանության բազմաթիվ հարցերի շուրջ աշխատանքներ՝ ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային պարբերականներում: Հրապարակումների առաջին շարքը վերաբերում է Հայոց ցեղասպանության նկատմամբ և ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի նկատմամբ պաշտոնական Անգլիայի որդեգրած քաղաքականությանը: Երկար տարիներ աշխատել եմ Մեծ Բրիտանիայի արխիվային կենտրոններում՝ մասնավորապես արտաքին գործերի նախարության արխիվում, որտեղ կարողացա հայտնաբերել և գիտական շրջանառության մեջ դնել խնդրո առարկա հանդսացող բազմաթիվ անտիպ փաստաթղթեր:
Ունե՞ք Հայաստանում համագործակցություններ։
Ես որևէ խումբ Հայաստանում դեռ չեմ ղեկավարում: Պատճառը թերևս այն է, որ ժամանակի զգալի մասը, հանգամանքների բերումով, անց եմ կացրել արտերկրում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում:
Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը, մեր կարծիքով, գտնվում է անմխիթար վիճակում: Այն փաստը, որ մինչ օրս ՀՀ քաղաքացի հանդիսացող ոչ մի գիտնական չի կարողացել իր գիտական աշխատությունը ներկայացնել միջազգային, ազդեցության գործակից ունեցող գրախոսվող պարբերականում, այն ցայտուն ապացույցն է, որ մեր գիտությունը գործում է միջազգային հանրությունից մեկուսացված վիճակում: Ասել, որ ՀՀ իշխանությունները անտարբեր են եղել ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական այն հաստատության նկատմամբ, որը պարտավոր էր արդյունք ապահովել այս ոլորտում, ճիշտ չի լինի: Ցավոք սրտի, Հայաստանում այդպես էլ չձևավորվեց գիտական բանավեճ վարելու այն էթիկան, որը թույլ կտար կառուցողական և արդյունավետ համագործակցության եզրեր փնտրել ու կառուցել արդյունավետ համագործակցություն գիտական հանրության շրջանում: Բնավ հնարավոր չէ անդրադառնալ, երբեմն փողոցային այն բառապաշարին, որ տեղ են գտնում գիտական բանավեճերի ընթացքում: Կարծում եմ՝ հանրությանը քաջ հայտնի են նման դեպքեր: Գիտության ոլորտում դա անթույլատրելի է: Կարճ ասած՝ ամոթ է:
Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
Ստացել եմ բազմաթիվ մրցանակներ և դրամաշնորհներ: Ինչպես վերը նշեցի հպարտանում եմ մասնավորապես Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակով: Այդ մրցանակը ստացողը, ինչպես նշել է իր ելույթում Գերմանիայի դաշնության նախկին նախագահ Հորսթ Քյոլլերը, հանդիսանում է աշխարհում կրթության և գիտության ոլորտում Գերմանիայի դեսպանը: Չնայած դրան, ես միշտ հպարտացել եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը՝ Հայաստանը, անկախ այն անտարբերությունից, որ ցուցաբերվում է մեր երկրում գիտության նկատմամբ: Առաջնորդվել եմ նրանով, որ մեր հողն ու ջուրը պաշտոնյաների և արկածախնդիրների կամայականությունների համար պատասխանատու չեն:
Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է Ձեր անձնական ներդրումը։
Իմ բոլոր աշխատությունները անխտիր կատարված են ինքնուրույն: Ավելին, գիտական կոչման համար հայցված թեզը՝ դիսերտացիան շարադրվել է՝ առանց ղեկավարի հետ խորհրդակցելու: Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում ասպիրանտուրան ավարտելու տարում միայն իմացա, որ ունեցել եմ գիտական ղեկավար: Ղեկավարն անգամ տեղյակ չէր, որ ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի նիստում տարիներ առաջ իրեն նշանակել էին ատենախոսությանս ղեկավար: Սա արդեն խոսում է ոլորտում տիրող վիճակի մասին: Իհարկե, դա շատ տարիներ առաջ էր:
Վերջին տարիներին իրականացվող տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին ինչպե՞ս եք վերաբերվում։
Դժվար է ակնկալել, որ մի քանի հարյուր հազար դրամ բաշխելով՝ կարելի է փոխել գիտության ոլորտում տիրող անմխիթար վիճակը: Չնայած գովելի է, որ որոշ անհատներ ստանձնել են մի պատասխանատվություն, որը պետք է բնութագրական լիներ պետական կառույցներին: Բայց դա բեկում չի կարող մտցնել գիտական այն ծրագրերի իրականացման մեջ, որոնք պահանջում են բազմամիլիոն ներդրումներ: Բերեմ մեկ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի արխիվում մեր մեկամսյա գիտահետազոտական աշխատանքի ծախսը, ամենահամեստ հաշվարկներով, կազմում է մոտ երկու, գուցե ավելի միլիոն դրամ: Դրա արդյունքը կարող է լինել գիտական մեկ հոդվածի հրատարակումը: Ասել, որ գիտնականը պետք է ուրախանա, որ կատարած մի քանի միլիոն ներդրման արդյունքում ստացել է մի քանի հարյուր հազար դրամ պարգատրում, բնական է՝ կլինի սխալ: Անուամենայնիվ, նման խրախուսական պարգևները ոգևորիչ են՝ հատկապես երիտասարդների համար, որոնք առաջին քայլերն են կատարում գիտության մեջ:
Մեզ մոտ դարձել է ազգային հիվանդություն՝ փնտրել օտար գիտնականների, ներկայացնել, հրավիրել Հայաստան և պարգևատրել ինչ–ինչ մեդալներով, շքանշաններով, դիպլոմներով։ Ի գիտություն հայ ժողովրդի, ասեմ, որ արևմտյան որևէ պրոֆեսոր, որի աշխատավարձը կազմում է 150–200 000 դոլար տարեկան, ինչ–որ հուշանվերի ու ինչ–որ չնչին գումարի կարիք չունի, ինչի կարիքն ունեն մե՛ր գիտնականները։
Չնայած ես շատ հարգում եմ իմ կոլեգաների ավանդը Հայոց ցեղասպանության լուսաբանման գործում, բայց այնուամենայնիվ, կցանկանայինք, օրինակ, տեսնել Թաներ Աքչամին ոչ թե հայ բարերարների կողմից ֆինանսավորվող, ԱՄՆ ում գործող ամբիոնի վարիչի պաշտոնում, այլ Թուրքիայում գործող ցեղասպանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում։ Այն նույն Թուրքիայի, որի տնտեսությունը մեծ մասամբ կախված է եղել հայ գործարարների կողմից ստեղծված բարիքներից, որոնց ի վերջո ջարդելով և ունեցվածքը յուրացնելով, մասնակի կերպով ավարտվեց Թուրքիան նաև ֆինանսապես թրքացնելու քաղաքականությունը: Չգիտեմ, թերևս ծայրահեղական է հնչում, բայց այսօր ես տեսնում եմ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության թրքացման վտանգը: Փաստերը բազում են, դրան կանդրադառնամ առանձին հրապարակմամբ:
Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։ Տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։
Բնավ չգիտեմ, թե ինչպես է դա տեխնիկապես իրականացվում: Ցեղասպանագիտության և հումանիտար գիտությունների ոլորտում միջազգային գիտական աշխատանք կատարած այդ ոլորտի յուրաքանչյուր մասնագետ շատ լավ գիտի, թե որ միջազգային պարբերականը ինչպիսի հեղիանակություն ունի, ինչպիսի ազդեցության գործակից: Ասեմ, որ հրատարակվել նման պարբերականներում շատ դժվար է, եթե առաջարկվող գիտական հոդվածը, կամ վարկածը իրենից ամբողջական նորություն չի ներկայացնում: Նման հոդվածները ամիսներով ենթարկվում են անանուն գրաքննության, ստուգվում է ամեն մի բառ, անգամ տառ, աղբյուր, արտահայտված միտքը համադրվում է նախկինում արտահայված դրույթների հետ, ստուգվում դրա վավերականությունը, արժանահավատությունը, ենթարվում մանրակրկիտ ստուգաբանության: Նման պարբերականներում հոդված հրատարակելը Հայաստանում պետք է համարվի սխրանք: Մասնավորապես այն պայմաններում, երբ Հայոց ցեղասպանությունն ուրացման և ժխտման է ենթարկվում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ նրա դաշնակից երկրների կողմից:
Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։
Շատ դրական եմ գնահատում: Շնորհիվ ֆեյսբուքյան քննարկումների և մամուլում տեղ գտած հրապարակումների, հնարավոր եղավ թմբիրի միջից հանել և հասարակության լայն քննարկմանը մեկնել գիտության ոլորտում տիրող անմխիթար վիճակը ներկայացնող մի շարք հարցեր: Հույս ունեմ, որ դրանք երբևէ կստանան իրենց լուծումը:
Իսկ դրական միտումներ տեսնո՞ւմ եք՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
Պետական մարմինների կողմից ոչ մի դրական մոտեցում մինչ օրս ես չեմ զգացել:
Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք շահագործվում են երիտասարդ գիտնականների աշխատանքները՝ պաշտոնատար անձանց կողմից։
Ինձ որևէ մեկը չի շահագործել, պարզապես որովհետև, մեծ ցանկություն ունենալով հանդերձ, չի կարողացել: Դա իհարկե՝ անցյալում: Այժմ, կարծում եմ, հեռու եմ այն տարիքից, որ հնարավոր կլինի չարաշահել մեր գիտելիքները: Ավաղ, կոռուպցիան և դիլետանտիզմը մեծ տեղ է գտել նաև գիտության ոլորտում: Այլապես ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցը ավարտել չկարողացող երբեմնի երիտասարդը, ֆեոդալական իր բազում տիտղոսներին ի լրում, զարդարում է իր կյանքի ուղին գիտական կոչմամբ:
Ի՞նչ հիմնական տարբերություններ կան՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
Տարբերությունը տիեզերական է: ՀՀ գրադարանները զուրկ են վերջին շրջանում հրատարակված գիտական աշխատություններից, ուստի, գիտնականը դժվար թե կարողանա հրատապ անհրաժեշտության դեպքում օգտագործել իրեն անհրաժեշտ միջազգային տարբեր հրապարակումներ: Աշխատավարձն, իհարկե Հայաստանում ծիծաղելի է: Հայաստանում իմ մեկամսյա աշխատավարձը բավական է, օրինակ, Մեծ Բրիտանիայում հասարակական տրանսպորտով մեկ շաբաթ երթևեկելու համար: Կամ աշխատասենյակի ծախսը Գերմանիայում մեկ շաբաթ միայն հոգալու համար: Կարծում եմ, ամեն ինչ ասված է:
Կա՞ գիտական աշխարհում գենդերային խնդիր։
Որքան էլ զավեշտալի է, կանանց տաղանդը և խելքը թերագնահատվում է՝ ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտասահմանում: Այս հարցը ես վերջերս բախտ ունեցա քննարկել նաև Գերմանիայում: Կանայք շահագործվում են ամենուրեք:
Ցավալի է, որ մեր հայազգի կանայք շահագործման են ենթարկվում նաև արտերկրի գիտական հաստատություններում: Չեմ ցանկանում անդրադառնալ դրանց օրինակներով, բայց անձամբ ականատես եմ եղել նման դեպքերի՝ տարբեր երկրներում աշխատանք կատարելիս:
Ինչ կցանկանայիք, որ տեղի ունենար, իրատեսական ի՞նչ քայլեր՝ ցեղասպանության արդեն 98–րդ տարուն ընդառաջ։
Ես կուզեի, որ գիտական հանրության սեղանին դրվեին օտար լեզվով տասնյակ հրատարակումներ՝ նորահայտ փաստաթղթեր, գիտական հոդվածներ, մեկնարկվեին գործողությունների ծրագրեր… թե չէ, ստացվում է, որ մենք, ընդլայնելով Ցեղասապանագիտության թանգարան–ինստիտուտի տարածքն ու շենքը, ցեղասապանագիտությունն ընդհանրապես հանձնում ենք թանգարանային ուսումնասիրման՝ մի կողմ թողնելով հարցի գիտականությունը։
Ի՞նչ կմաղթեք հայաստանյան երիտասարդ գիտնականին։
Գիտության ֆինանսավորման ծանր պայմաններում գոյատևել, պայքարել, դրսևորել մեծ կամք: Առաջնորդվել այն տեսակետով, որ գիտական ցանկացած նորարարության պտուղները գնահատվում է գալիք սերնդի կողմից:
Մի՛ վհատվեք ու աշխատեք:
Զրուցեց Մանե Հակոբյանը