Անցած շաբաթ երախտապարտությամբ ստացա Բեյրութում լույս տեսնող «Փթիթ» ամսագրի հերթականՙ 16-րդ համարը: Հանդեսը շարունակում է հայապահպանական իր ճախրանքը, եւ գնահատելով կատարված աշխատանքը, վստահ եմՙ դեռ շատ երկար է ճախրելու:
Ինչպես նախորդ համարների էջերը, այնպես էլ այս մեկինըՙ ողողված էին հայկականությամբ ու հայապահպանությամբ: Մի բան, որը շատ դժվար է իրականացնել, այն էլ շարունակաբարՙ սփյուռքում, մանավանդ, երբ բուն հայրենիքից ոչ մի օժանդակություն չի ցուցաբերվում այդ խիստ ազգային գործունեությանը:
Սփյուռքում մեր հայապահպանության օջախները շատ քիչ են, գնալով նվազում են: Անցյալ շաբաթ էլ ցավով տեղեկացանք, որ Գլենդեյլում փակվել է հայերի համար հարազատ դարձած «Պերճ գրատունը»: Նման ժամանակներում, երբ մեկը մյուսի հետեւից փակվում կամ փակված լինելու տպավորություն են ստեղծում մեր տեսակի պահպանության կռվանները, կարեւոր է «Փթիթի» նման կարեւոր հանդեսների գոյությունը: Այն սփյուռքի եզակի հանդեսներից է, որտեղ տեղ չունեն օտարաբանություններն ու ազգայինն օտարած, օտարող երեւույթները:
Ես դեռ հույս ունեմ, որ մի օր մեր հայրենի իշխանությունները պետք է խորապես ըմբռնեն, թե հայապահպանության ասպարեզում ինչ տիտանական աշխատանք է կատարում «Փթիթը» եւ կգան այն համոզման, որ անպայմանորեն անհրաժեշտ է օժանդակել այդ կարեւոր վահանին, որն սփյուռքում հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է հայերի աքիլլեսյան գարշապարըՙ տեսակը, ինքնությունը:
Այս ամիսների ընթացքում ես հասցրել եմ «Փթիթի» նախորդ երկու համարները ցույց տալ իմ շրջապատին, ու լսել նրանց կարծիքներն այդ կարեւոր նախաձեռնության մասին: Եւ այսօր, օգտվելով առիթից, իմ ու իմ ընկերների, գործընկերների ու Երեւանի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում «Փթիթ» հանդեսի հիմնադիր-խմբագիրներ Վերժին Չերյան-Աբրահամյանին եւ Կարո Աբրահամյանին, ինչպես նաեւ նրանց կարեւոր գործին օժանդակող ընկերներին, որոնց անունները, ցավոք սրտի, հայտնի չեն մեզ:
Մենք խիստ կարեւորում ենք հայրենիքից դուրս հայապահպանության ոլորտում «Փթիթի» դերը, եւ հույս ենք հայտնում, որ շատ մոտ ապագայում այդ կարեւոր մամուլը տարածվելու է ողջ հայկական սփյուռքովՙ աշխարհի բոլոր կողմերում: