Քարվաճառի շրջան ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի ներթափանցման մասին Արցախի և Հայաստանի իշխանությունները կասկածներ են ունեցել, ապա և համոզվել այն բանից հետո միայն, երբ Քարվաճառի Ճումեն բնակավայրից հուլիսի 4-ին անհետացել է 17-ամյա Սմբատ Ցականյանը: Նման ենթադրության հիմք ինձ տալիս է պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունն ու բովանդակությունը, տեղում անցկացրած հետազոտությունն ու բազմաթիվ զրույցները շարքային քաղաքացիների ու այլ պատասխանատուների հետ:
Սմբատի հայրը` Մեխակ Ցականյանը, երեկոյան որդուն թողնելով Ճումեն գյուղի իրենց տանը (այս հատվածում նրանք անասուններ էին պահում), առավոտյան եկել-տեսել է՝ որդին չկա: Հայրը նկատել է, որ տնից նաև ուտելիք են տարել: Որդու անհետանալու առիթով նա դիմել է ոստիկանություն: Մինչև հուլիսի 10-ը` ամբողջ հինգ օր, հայկական լրատվամիջոցներում, ինչպես նաև Քարվաճառի ու Վարդենիսի շրջաններում տագնապալի խոսակցություններ էին տարածվում, որ 17-ամյա տղայի անհետանալը գուցե կապված է ադրբեջանական ներթափանցման հետ:
Հուլիսի 10-ին ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց առաջին հաղորդագրությունը. «ԼՂՀ և Հայաստանի պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:
Հուլիսի 11-ին ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակեց ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող մի շարք լուսանկարներ` «պայմանավորված հանգամանքով, որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին տեղեկատվությունը»: Արցախյան կողմը հրապարակելց նաև գերեվարված, Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում գրանցված Շահբազ Գուլիևի լուսանկարը:
Նույն օրը Քարվաճառի շրջանում սպանվել էր մայոր, 42-ամյա Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել ևս մի հայ կին: Պաշտոնական հաղորդագրություններից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել ողբերգությունը, ինչ կապ ունի մայոր Աբրահամյանը դեպքերի հետ: Հուլիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մեկ կին:
Իրականում, սպանված մայոր Աբրահամյանը և նրան ուղեկցող, ծանր վիրավորված կինը, այսպես ասենք` բախտ չունենալու պատճառով էին հայտնվել իրադարձությունների կիզակետում: Այն բանից հետո, երբ Հայաստանի և Արցախի իշխանությունները համոզվեցին, որ 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետացումը կապված է ադրբեջանական դիվերսիայի հետ, ողջ տարածքը (իսկ Քարվաճառի տարածքը անտառապատ է և աշխարհագրորեն կտրտված, հետևաբար` վերահսկելու համար չափազանց դժվար) հայտնվեց բանակի, ոստիկանության, անվտանգության մարմինների ու բնակիչների մանրադիտակի տակ: Ադրբեջանական խումբը արդեն զգացել էր, որ իրենց հետևում են և պետք է փորձեր դուրս գալ օղակից ու հետ վերադառնար Ադրբեջանի տարածք` հավանաբար սահմանի այն հատվածով (հանքերի մոտ), որտեղ միանում են Քարվաճառի, Վարդենիսի և Դաշքեսանի շրջանները:
Հունիսի 11-ին ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական խումբը արդեն մոտեցել էր սահմանի այն հատվածին, որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը ունեն հատման ընդհանուր կետ` այն է` Սոթքի շրջանում: Խմբի անդամները անտառապատ ձորակից դուրս են գալիս ճանապարհ (սա այն ճանապարհն է, որը վերանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով) և կանգնեցնում այդ պահին դեպի Նոր Կարաչինար ընթացող մեքենան (Վարդենիսի շրջանի վերջին` Սոթք գյուղից հետո Քարվաճառի շրջանի առաջին հանդիպող գյուղը Նոր Կարաչինարն է): Նրանք կանգնեցնում են մեքենան, ապա կրակում և տեղում սպանում մայոր Աբրահամյանին, իսկ նրան ուղեկցող կնոջը, որն ուղևորվում էր ամուսնու մոտ, ծանր վիրավորում: Ադրբեջանցիները փորձում են նստել ավտոմեքենան և շարժվել Սոթքի ուղղությամբ: Ահա հենց այդ ժամանակ էլ հայկական կողմը շուրջկալում և սպանում է ադրբեջանցիներից մեկին, որի անունը հավանաբար Հասան է: Սա հավանաբար այն նույն Հասանն է, որը Յութուբում տեղադրված հայտնի տեսանյութում, որտեղ երեք ադրբեջանցիները Քարվաճառի մի գետակի մոտ հորթի խորոված են ուտում, ասում է. «Որոշ (ադրբեջանցի) զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են` կգնանք, այնտեղ սովամահ կլինենք: Ջերմուկի շշի մեջ օղի է, անասնապահական ֆերմայից ենք վերցրել»:
Քարվաճառում իմ զրուցակիցներից ոմանք ասացին, որ Հասանը ժամանակին Վարդենիսում էր բնակվում, իսկ ձերբակալված երկրորդ ադրբեջանցին` Դիլհամ Ասկերովը, եղել է Քարվաճառի գյուղերից մեկի նախկին բնակիչներից: Նրա որդին` Քեռօղլու Ասկերովը, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է. «Հայրս հաճախ էր գնում Ռուսաստան: Մենք մտածում էինք, որ նա այնտեղ է: Ինտերնետում կարդացինք, որ նա գնացել է հարազատ Քելբաջարի շրջան»:
Դիլհամ Ասկերովը այն տարածքից է, որտեղ գտնվում է Ճումեն գյուղն ու որտեղից անհետացել էր 17-ամյա Սմբատ Ցականյանը: Տղայի դին հնարավոր եղավ գտնել միայն այն բանից հետո, երբ ձերբակալվեց Ասկերովը: Սա ենթադրել է տալիս, որ հենց նա է հայ ուժայիններին ցույց տվել սպանված հայ երիտասարդի դիակի գտնվելու ճշգրիտ վայրը:
Եթե տարաբախտ Սմբատը չընկներ ադրբեջանցի դիվերսիոն խմբի ձեռքը, ապա չպետք է բացառել, որ ադրբեջանցիները կկարողանային հետ նահանջել այն արահետներով, որտեղով կարողացել էին ներթափանցել, և այդ մասին գուցե ոչ ոք չիմանար: Եվ գուցե այդ մասին մենք իմանայինք` դիտելով համացացում տեղադրված տեսնյութից: Հաշվի առնելով, որ դիվերսիոն խումբը զինված էր, չպետք է բացառել նաև մեկ այլ տարբերակ, որ նրանք կարողանային ավելի շատ սպանություններ իրականացնել Քարվաճառի տարածքում, դրանք նկարահանել և տեղադրել համացանցում` հոգեբանական ճնշում գործադրելով Արցախի իշխանությունների, ինչպես նաև տեղի հայ բնակչության վրա:
Ադրբեջանցիների կողմից սպանված Սմբատին հուղարկավորեցին Չարեքտար գյուղում` իր պապի կողքին: Նրա հայրը և հարազատները հորդորում են Արցախի իշխանություններին, որպեսզի ոչ մի պարագայում ձերբակալված ադրբեջանցի մարդասպանները չվերադարձվեն Ադրբեջան:
Այս օրերին համացանցում հայտնվեցին մի շարք տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ներթափանցում Արցախի տարածք, շրջում այնտեղ, վերադառնում և նկարահանումները`ի գիտություն հայկական կողմի, տեղադրում համացանցում: Կասկածից վեր է, որ նույնն անում է նաև հայկական կողմը: Դրա ապացույցները բազմաթիվ են: 1994-ի զինադադարից ի վեր բազմաթիվ են դեպքերը, երբ, օրինակ, ադրբեջանցիները Հայաստանի Տավուշի մարզում մի քանի կիլոմետր խորացել են հայկական տարածք, գերել որևէ հայի, իրենց հետ տարել Ադրբեջան, և միայն փրկագին տալով է հնարավոր եղել այդ մարդկանց վերադարձնել տուն:
Իրավամբ, աշխարհագրությունը, տեղանքի կտրտվածությունն ու այլ հանգամանքներ թույլ չեն տալիս 100 տոկոսով վերահսկել հայ-ադրբեջանական սահմանները, որոնց ընդհանուր երկարությունը հազար կիլոմետրից ավելի է: Հակառակորդի ներթափանցումները 100 տոկոսով կանխելը գրեթե բացառվում է, բայց դրանք նվազագույնի հասցնելը հայկական բանակի և մյուս ծառայությունների պարտքն է:
Ադրբեջանի ղեկավարությունը, առաջին հերթին՝ նախագահ Իլհամ Ալիևը, հրապարակավ և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ զրույցներում սպառնում են նոր պատերազմով ու հայկական կողմի հասցեին այլ սպառնալիքներով: Ադրբեջանցիները փորձելու են գերել կամ պատանդել հայերի, որպեսզի փոխանակեն: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հանգիստ չի տալու և հատկապես սահմանի Տավուշի հատվածում իր նոր ձեռք բերած սպառազինություններով ոտնձգություններ է իրականացնելու սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա: Չպետք է բացառել, որ ադրբեջանցիները սկսեն ահաբեկչական գործողություններ իրականացնել հայ դիվանագետների և ընդհանրապես Հայաստանից դուրս գտնվող հայերի վրա: