Կառլեն Խաչատրյանը «Երիտասարդ Գիտնականների Աջակցության Ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարն է։ Ղեկավար մարմնի կազմում ընդգրկված է որպես Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ։
–Կառլեն, ներկայացրեք, խնդրեմ, ծրագրի իրականացման ընթացքը։
-ԵԳԱԾ-ի շրջանակներում գործունեության 4 հիմնական ուղղություն էինք նախանշել. 1) երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսավորում, 2) երիտասարդական գիտաժողովների, գիտական դպրոցների և այլ բնույթի գիտական միջոցառումների ֆինանսավորում, 3) երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն, և 4) երիտասարդ գիտնականներին գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում։
1-ին ուղղությամբ մրցույթ է հայտարարվել և յուրաքանչյուր ամիս ամփոփում ենք տվյալ ամսվա արդյունքները, մինչ օրս 25 երիտասարդ գիտնական աջակցություն է ստացել մասնակցելու միջազգային տարաբնույթ գիտաժողովների:
2-րդ ուղղությամբ արդեն իսկ ֆինանսավորվել է 16 գիտաժողով կամ այլ տիպի գիտական միջոցառում: Դրանցից յուրաքանչյուրին մասնակցել է կամ մասնակցելու է միջինում շուրջ 50 երիտասարդ գիտնական(գիտաժողովների մի մասը նախատեսված է անցկացնել գարնանը):
3-րդ ուղղությամբ արդեն իսկ մրցույթը հայտարարված է, հունվարի 15-ը հայտերի ներկայացման վերջնաժամկետն էր: Սահմանված են 11 անվանակարգ` գիտության տարբեր ոլորտները ընդգրկող: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվելու է 3 դրամական մրցանակ` համապատասխանաբար, 400.000, 300.000 և 200.000 դրամ: Մրցանակաբաշխությանը ստացել ենք ավելի քան 110 հայտ:
4-րդ ուղղությամբ էլ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ իրականացվում է ասպիրանտների աջակցության ծրագիր և ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում:
–Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ է արդյոք իրեն կոնսնսուսի սկզբունքը։
-Ես մնում եմ իմ համոզմանը, որ կոնսենսուսի սկզբունքը բավականին բարդացնում և երկարացնում է որոշումների կայացման գործընթացը: Այդ մասին առիթ եմ ունեցել խոսել նաև ծրագրի մեկնարկի ժամանակ, երբ նոր էր կատրվել կոնսենսուսային սկզբունքով որոշումները կայացնելու առաջարկը: Բայց միաժամանակ, որպես ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ղեկավար մարմնի այն անդամներին, ովքեր հաճախ իրենց համոզմունքներից ինչ-որ չափով հետ են կանգնում և համաձայնում են մեծամասնության կարծիքին: Իհարկե, դա բավականին երկար տևող քննարկումների, հիմնավորումների և բանավեճերի արդյունքում է լինում…
–Ի՞նչ կասեք Ղեկավար մարմնի անդամների պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ։
-Ռոտացիայի սկզբունքը, ըստ իս, պետք է կիրառել միայն ծայրահեղ դեպքում, երբ ղեկավար մարմնի անդամը ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարող շարունակել իր աշխատանքը Ծրագրում: Միանշանակ է, որ ռոտացիայի եղանակով ընդգրկված նոր անդամներից որոշակի ժամանակ է պահանջվում աշխատանքների մեջ լիարժեքորեն ներգրավվելու համար: Եվ դա օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված: Չէ՞ որ ղեկավար մարմնի յուրաքանչյուր նիստ օրգանապես կապված է նախորդների հետ, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է, ուստի աշխատանքների կեսից միացող անձիք միանգամից չեն կարող ինտեգրվել այդ պրոցեսին: Բացի դա, կարծում եմ, որ պատասխանատվության խնդիր էլ կա: 100 մլն-ի ծախսման արդյունավետության համար պետք է պատասխան տան կոնկրետ անձիք` ղեկավար մարմնի 9 անդամները: Ռոտացիայի պարբերաբար կիրառումը լուրջ պրոբլեմներ է ստեղծում այս առումով:
–Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի։
-Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների խնդիրները շարունակելու են գտնվել մեր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր նկատվում են այս ուղղությամբ, և երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո` ասվածի ապացույցն է: Երիտասարդ գիտնականների առջև ծառացած բազում խնդրներ կան, որոնց մի մասը փորձեցինք թեթևացնել այս ծրագրի շրջանակներում: Վերևում նկարագրված արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ խոսուն են: Համենայն դեպս, ԵԳԱԾ ղեկավար մարմինը արել է առավելագույնը` նախանշված ծրագրերի մաքսիմալ արդյունավետությունն ապահովելու համար: Ուստի, վստահ եմ, որ ծրագիրը շարունակական է լինելու:
–Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ս.Ա. Սարգսյանի ընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։
-Շատ օրինաչափ եմ համարում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրական ծրագրւմ անդրադարձ կա գիտության խնդիրներին, այդ թվում` առանձնահատուկ շեշտադրում՝ ուղղված երիտասարդ գիտնականներին: Սա ՀՀ Նախագահի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում իրականացված քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ակներև է, որ վերջին շրջանում պետական մակարդակով ուշադրություն է դարձվում գիտության հիմնախնդիրներին:
Բնականաբար, 100 մլն-ը, որ հատկացվել էր այս տարի, չի կարող երիտասարդ գիտնականների բոլոր խնդիրներին լուծում տալ: Միաժամանակ, պետք է հասկանալ նաև, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա երկարատև աշխատանք է պահանջում, ընդ որում, այստեղ անելիքներ ունենք բոլորս` ոչ միայն երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները, այլև մենք` երիտասարդ գիտնականներս:
Ինչ վերաբերվում է նրան, թե գումարը կավելանա թե ոչ` դժվարանում եմ ասել, բայց անշուշտ հույս ունեմ, որ կավելանա:
–Որո՞նք են ներկա պահին գիտական համակարգի ամենակարևոր խնդիրները։
-Գիտական համակարգի առաջնային խնդիրը նյութատեխնիկական բազայի մաշվածությունն է: Լուրջ խնդիր է նաև գիտնականների միջին տարիքի բարձրացումը: Ապա, երիտասարդ գիտնականն այսօր բազում սոցիալական խնդիրներ ունի չլուծված, իսկ «սոված փորով» որևէ արժեքավոր բան անելը, հատկապես, գիտությամբ զբաղվելը՝ անհնար է:
Մանե Հակոբյան