Երիտասարդ գիտնականի ամբիոն
Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ է։ Հետազոտություններն ուղղված են միջավայրի տարբեր պայմաններում բակտերիաների կողմից ջրածին գազի արտադրությանը և այդ գործընթացի կարգավորման մեխանիզմներին՝ ջրածնի ելքի բարձրացման նպատակով։ Ներկա պահին ոսումնասիրում է գլիցերինի խմորման ընթացքում ջրածնի արտադրությունը։ Խնդիրն արդիական է, քանի որ գլիցերինը համարվում է ածխածնի շատ էժան աղբյուր, իսկ ջրածինը՝ արդյունավետ և էկոլոգիապես մաքուր վառելիք։ Կարենի ստացած արդյունքները մասնագետների կողմից կարևորվում են և՛ կիրառական առումով՝ կենսազանգվածից այլընտրանքային էներգիայի ստացման խնդրի տեսակետից, և՛ հիմնարար գիտության առումով։
Ձեռքբերումներից նշում է միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված տարբեր հոդվածները, այցելությունները Եվրոպայի առաջատար գիտական կենտրոններ և համալսարաններ, ինչպես նաև, տարբեր միջազգային գիտաժողովների մասնակցելը։ Գիտաժողովներին մասնակցելը հնարավոր է եղել այդ նպատակով ստացված հատուկ դրամաշնորհների շնորհիվ։ Ստացել է նաև FEMS (Եվրոպական մանրէաբանների ասոցիացիա) և FEBS (Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիա) հետազոտական դրամաշնորհներ՝ կարճատև այցելությունների համար։ Դրամաշնորհները կարևորում է այն պատճառով, որ դրանց շնորհիվ «սովորում և յուրացնում ես նոր սարքավորումներ և մեթոդներ, աշխատում ես այլ լաբորատորիաներում, մասնակցում սեմինարների և դասախոսությունների, քննարկում աշխատանքներդ տվյալ բնագավառի նեղ մասնագետների հետ։ Կարելի է նշել շատ ուրիշ մարնրամասներ, բայց այսքանն, իմ կարծիքով, բավարար է»։
Բազմաթիվ գիտաժողովներից նշում է 2012 թ. Եվոպական կենսաէներգետիկական գիտաժողովը (Գերմանիա), Կենսաքիմիական ասոցիացիաների Եվրոպական ֆեդերացիայի երիտասարդ գիտնականների գիտաժողովը ու Կենսաքիմիայի և Մուլեկուլային կենսաբանության Միջազգային միության միջազգային կոնգրեսը (Իսպանիա), Ամերիկայի Մանրէաբանական ընկերության ընդհանուր գիտաժողովը (ԱՄՆ) և այլն. «Սա միայն 2012 թվականին, և բոլորի համար ստացել եմ դրամաշնորհներ հրավիրող կողմից։ Գիտաժողովների արդյունքում ստեղծվում են տարբեր կապեր միջազգային հայտնի կենտրոնների հետ` համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով։ Մասնավորապես, այս տարի Գերմանիայում առիթ եմ ունեցել հանդիպել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ջոն Ուոկերի հետ և քննարկել իմ կողմից ստացված նոր արդյունքները»։
Խումբը, որտեղ աշխատում է Կարենը, համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ (ԱՄՆ, Ճապոնիա, Անգլիա, Գերմանիա և այլն)։ Միջազգային գիտական տարածքին ինտեգրվածության բարձր աստիճանի մասին են խոսում միջազգային ամսագրերում տպագրված հոդվածները։ Սա է գիտության մեջ ընդունված միջազգային գնահատականը։ Համագործակցության զարգացման հեռանկարներ շատ կան, բայց դրա համար գումարներ են պետք՝ փոխադարձ այցելություններ կատարելու, ուսանողների և մասնագետների փոխանակման համար, որպեսզի յուրացվեն նոր մեթոդներ և այնուհետև դրանք կիրառվեն Հայաստանում. «Բայց, ցավոք սրտի, դրա մասին խոսելը Հայասատանում քիչ հետաքրքիր է»։
Կարենի հոդվածները՝ կատարված թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, հիմնականում 1-3 համահեղինակներով են. «Համահեղինակների քանակը տարբեր հոդվածներում տարբեր է։ Որոշ դեպքերում միայն քո կողմից անձամբ կատարված հետազոտություններն են (բնականաբար՝ գիտական ղեկավարի հետ), այլ դեպքում տարբեր հետազոտողներ կատարում են փորձերի մի մասը և ստանում որոշակի արդյունքներ, դու էլ քո հետազոտության արդյունքներն ես ներկայացնում, ապա դրանք համադրվում են և որոշակի նոր եզրակացություններ են կատարվում»։
-Ի՞նչն է ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։ -Փոքր տարիքից հետաքրքրվում էի կենսաբանությամբ. մասնավորապես, ինձ շատ էր հետաքրքրում կյանքի ծագումը մեր մոլորակի վրա, որո՞նք են հնագույն կենդանի օրգանիզմները, ի՞նչ են բակտերիաները։ Ցանկություն ունեի դառնալ պատմաբան, օդաչու, բայց 9-րդ դասարանում վերջնականապես որոշեցի դառնալ կենսաբան և մանկուց հետաքրքրող հարցով զբաղվել ՝ ուսումնասիրել բակտերիաները։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք հետաքրքրվում։ -Փոքր տարիքից շախմատով եմ զբաղվել, մասնակցել տարբեր մրցումների, առաջին կարգային եմ։ Մինչև հիմա ամենայն ուշադրությամբ հետևում եմ Հայաստանի շախմատիստների փայլուն ելույթներին։ Սիրում եմ նաև սեղանի թենիս, մեծ թենիս և կարդալ այն ամենն, ինչ վերաբերվում է ինքնաթիռներին։ Կան շատ այլ նախասիրույթուններ, պարզապես այսքանը թվարկեցի։
Կարենին խնդրեցի արտահայտվել իրեն առավել հուզող հարցերի վերաբերյալ։
Երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններ. -Իմ կարծիքով շատ ողջունելի է, որ այսպիսի միջոցառումներ են իրականացվում։ Դրանք ինչ-որ ձևով խթանում են երիտասարդ գիտնականներին։ Բայց ըստ իս, չափանիշներն ուղղակի անընդունելի են։ Չի կարելի գիտության բոլոր բնագավառները միացնել իրար։ Չի կարելի վերցնել մեկ չափանիշ՝ հղման ինդեքս, ազդեցության գործակից կամ հոդվածների քանակ, քանակը չէ, որ որակ է ապահովում։ Կան մարդիկ, ովքեր թեպետ և կատարում են փորձեր, որոշակի հոդվածներ ունեն, բայց հիմնականում իրենց պարզապես գրում են որպես համահեղինակ նաև այն հոդվածներում, որոնց հետ իրենք կապ չունեն։ Հոդվածների քանակը չպետք է որոշիչ լինի, քանի որ կարող է մեկը Nature հայտնի ամսագրում ունենա մեկ հոդված, իսկ մեկ ուրիշն ունենա 20 հոդված 1.0 ազդեցության գործակցով ամսագրում։ Միանշանակ, Nature ամսագրում տպագրված հոդվածի որակն ավելի բարձր է, բայց քանի որ քանակն է կարևոր` այդ տաղանդավոր երիտասարդը դուրս է մնում պայքարից։ Բացի դրանից, իմ կարծիքով առաջնային չափանիշներից պետք է հաշվի առնել ազդեցության գործակիցը, այլ ոչ թե հղման ինդեքսը, քանի որ մեկ կամ երկու տարում հնարավոր չէ ունենալ հարյուրավոր հղումներ։
Հաջորդ տարիներին, կարծում եմ, պետք է ըստ բնագավառների անցկացնել մրցույթը. չի կարելի բնագետներին համեմատել հասարակագետների հետ, կամ էլ կենսաբաններին` ֆիզիկոսների հետ։ Մանրամասները շատ են. նշեմ մեկ կամ երկու փաստ. նախ կենսաբաններին ավելի շատ ժամանակ է պետք կենդանի օրգանիզմների և կենսագործունեության գործընթացների հետազոտություններ կատարելու համար, հետազոտություններում օգտագորվող նյութերը և սարքավորումները բավականին արժեք ունեն… Ուղղակի, որպես լաբորատորիայում աշխատող երիտասարդ գիտնական կենսաբանության բնագավառում, ասեմ, որ մեր աշխատանքային պայմաններում տարեկան ունենալ 5 կամ 6 հոդված երևի հնարավոր է՝ դա կարող է լինել իրականությանը համապատասխանող առավելագույն թիվը։ Նույնիսկ ԱՄՆ-ի առաջատար համալսարանների պրոֆեսորները հնարավոր է տարեկան ունենան մի քանի հոդված՝ և դա այն պարագայում, որ նրանք ղեկավարում են տարբեր ուղղություններով աշխատող հետազոտական խումբ կամ խմբեր։ Ճիշտ կլինի, որ 1,0-ից ավել ազդեցության գործակցով միջազգային գիտական ամսագրերում ամեն տպագրության համար պետության կողմից սահմանվի կոնկրետ միանվագ գումար։ Ունե՞ս հոդված, ուրեմն ունես հավելյալ գումար։ Հեշտ և շատ արդյունավետ ձև։ Իսկ ինչպես հայտնի է վերջին տարիներին անցկացված մրցանակաբաշխություններից, այդպիսի հոդվածների թիվը Հաաստանում մեծ չէ։
Թեկուզ շատ դրական եմ վերաբերվում մրցանակներին, բայց պետք է շեշտեմ, որ միանգամյա մրցանակներով և չնչին գումարներով չէ, որ պետք է խթանել գիտությունը։ Գիտնականը, առավել ևս` երիտասարդ գիտնականը, համապատասխան աշխատավարձ չի ստանում։ Անհարմար է ասել, թե ինչ է ստանում։ Մեկ կամ երկու մրցանակով հարց չես լուծի։ Արմատական փոփոխություններ է պետք անել։ Օրինակ, տարբեր բյուջետային աշխատողների աշխատավարձերը բարձրացնելիս գիտնականներինն էլ պետք է բարձրացվեն։ Բայց, այդպես էլ փոփոխություն չի լինում։ Շատ և շատ երկրներում հասարակությունը չէ, որ պահանջում է ավելացնել գիտության ֆինանսավորման ավելացում, դա պետության խնդիրն է։ Նկատենք, որ որքան հայտ էր ներկայացված Հայկյան մրցանակաբաշխության համար՝ մոտավորապես այդքան աշխատող երիտասարդ գիտնական կա Հայաստանում։ Այդ երիտասարդներին գոնե նվազագույն նորմալ պայմաններ ապահովեն։
Գիտության կազմակերպման հարցերը. -Ճիշտն ասած, մենք` երիտասարդներս, դեռ այդքան մեծ ներդրում չունենք գիտության մեջ, որ մասնագիտորեն հիմնավոր ձևով խոսենք թերացումների մասին։ Բազմաթիվ լավ գիտնականներ կան ՀՀ-ում, մեծ միջազգային փորձով, ովքեր կարող են լուրջ խորհուրդներ տալ, բայց այդ ներուժն, ըստ էության, չի օգտագործվում։ Աշխատողն ու չաշխատողը պետք է իրարից տարբերվեն։ Շատ դեպքերում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ոչինչ չեն անում, նույնիսկ գիտական հոդվածներ չունեն, ընդգրկվում են որպես փորձագետներ, տարբեր հանձնաժողովներում և առանձին դեպքերում տարբեր մրցանակների և պարգևների են արժանանում։ Չկա նաև թափանցիկություն։ Արդեն սրանից՝ պետության վերաբերմունքը պարզ է։ Ավելի կոնկրետ վերլուծություն, ինչպես ասեցի, միայն երիտասարդները չէ, որ պետք է անեն։ Նրանք մեծ փորձ չունեն գիտության կազմակերպման և կառավարման ոլորտում, ուղղակի պետք է եր՚իտասարդների կարծիքներն էլ հաշվի առնել, քանի որ ապագայում այդ բարեփոխումները հենց երիտասարդներին են վերաբերվելու։
Ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը. -Ֆինանսավորումն, իհարկե, պետք է ավելացնել։ Բայց նկատենք, որ գիտնականը պետք է ոչ միայն աշխատավարձ ստանա, այլ նաև ունենա համապատասխան միջոցներ նյութեր և սարքեր ձեռքբերելու, գիտաժողովներին մասնակցելու համար։ Աշխատավարձը կարող է շատ բարձր չլինել, բայց պետք է գոնե այնքան լինի, որ բավարարի իր տարրական կարիքները հոգալու համար։ Միայն աշխատավարձերի բարձրացումը շատ բան չի փոխի։ Օրինակ, եթե գիտնականին ամսական տան 300 հազար դրամ և պահանջեն, որ աշխատի, իհարկե, որոշ դեպքերում կփոխվի հետազոտությունների մակարդակը, բայց հիմնովին փոխելու համար` պետք է շատանան նաև այլ ծախսերը։ Գիտնականն ինքը չպետք է որոշի՝ ավելացնե՞լ ֆինանսավորումը, թե ոչ։ Դա պետության խնդիրն է. եթե վերջինս կարիք ունի՝ կբարձրացնի կամ ռացիոնալ կբաշխի եղած ֆինանսները, որոնք այդքան էլ քիչ չեն։ Հաճախ գումարները ճիշտ չեն բաշխում։ Ասեմ, որ որոշ, շատ չնչին, միտումներ դեպի լավը կան։ Բայց եթե շարժվենք այս տեմպերով, ապա 5-10 տարի հետո գիտության մասին խոսելը դժվար կլինի, քանի որ տարբեր բնագիտական ուղղություններում ընդհանրապես երիտասարդ կադրեր չեն լինի. շատ շատերը, հատկապես գիտության թեկնածուները, մեկնում են արտերկիր Post Doc աշխատելու և այնտեղ են հետագայում տեսնում իրենց ապագան գիտության բնագավառում։
Հայաստա՞ն, թե՞ արտասահման։ -Կարճաժամկետ այցելել և աշխատել եմ Հոլանդիայում և Գերմանիայում։ Համեմատություն նույնիսկ հնարավոր չէ անցկացնել։ Հայաստանում համապատասխան պայմանների առկայության դեպքում կարելի է շատ լավ աշխատել։ Շուտով հնուց ժառանգած շատ սարքեր շարքից դուրս կգան և վերջ։ Իսկ նվազագույն պայմաններ ապահովելու համար մեծ գումարներ պետք չեն։ Բացի այդ, Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև համագործակցությունը կամ բացակայում է կամ շատ չնչին է։ Իսկ սա ևս շատ կարևոր է և պետք է իրավիճակը շտկել։ Ներքին համագործակցությունն ավելի մեծ հնարավորութուններ կտար դիմելու արտասահմանյան դրամաշնորհների և հաղթելու։ Հայաստանում շատ քիչ են կազմակերպվում հանդիպումներ կամ փոքրիկ գիտաժողովներ բնագիտության ոլորտում. թեկուզ տարբեր գիտնականներ տեղեկացվեն թե ով ի՞նչ ուղղությամբ է զբաղվում և ինչո՞ւմ է այդ ուղղության արդիականությունը։ Եթե այսպես շարունակվի, ապա ոչ միայն ես, այլ նաև շատ այլ երիտասարդներ, մասնագիտական աճի որևէ հնարավորություն չենք ունենա։ Իսկ ամեն ինչ գնում է դեպի դա։ Պետությունն է պատասխանատու գիտության համար. պետությունը կամենու՞մ է ունենալ գիտնականներ։
Մանե Հակոբյան